Մատչելիության հղումներ

Երբ շահը հանդիպեց ցարին. ինչպիսի Ռուսաստան ու Կովկաս տեսավ Իրանի տիրակալը 150 տարի առաջ


Ռուսաստանի ցարն ու Իրանի շահը
Ռուսաստանի ցարն ու Իրանի շահը

1874 թվականին առաջին անգամ անգլերեն լույս տեսավ Իրանի տիրակալ Նասեր ալ-Դին Շահի ճամփորդական օրագիրը, որն ուշագրավ պատկերացում էր տալիս դրանից մեկ տարի առաջ Ռուսաստան, Արևմտյան Եվրոպա և Կովկաս շահի ճանապարհորդության մասին: Սա իր տեսակի մեջ Իրանի տիրակալի առաջին ուղևորությունն էր։

Ստորև, հիմնականում շահի խոսքերով, ներկայացված են ճամփորդության մանրամասները, որոնք իրենց դերն են ունենալու Իրանի վերափոխման գործում: Այս պատմության մեջ օգտագործված լուսանկարներն արվել են այն վայրերում, որտեղ շահն այցելել է մոտավորապես այն ժամանակ, երբ նա տեսել է դրանք:

Նասեր ալ-Դին Շահ
Նասեր ալ-Դին Շահ

Մայիսի 29-ին, Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ այցելելուց հետո, շահը մեկնեց Ռուսաստանից արևմուտք և անցավ ներկայիս Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Հունաստանի և Թուրքիայի տարածքով, նախքան Իրան վերադառնալու ճանապարհին Վրաստան գնալը:

Շահի նավով ժամանումը Փոթի՝ այսօրվա արևմտյան Վրաստանում, նշանավորվեց երկնային դրամայով, երբ կայծակը հարվածեց ծովին թագավորական նավից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ «հազար թնդանոթների ձայնին հավասար մռնչյունով»։

Վրաստանի ափին շահին դիմավորեցին «տարբեր ցեղեր և ազգություններ»՝ չերքեզներ, լեզգիներ, հայեր, վրացիներ և դաղստանցի մահմեդականներ, ինչպես նաև մինգրելներ, որոնք հիացրեցին շահին:

«Այս տարածաշրջանը Բաց Գլուխների երկրի մի մասն է», - գրել է Նասերը մինգրելների մասին: «Բաց գլխի երկրի ողջ բնակիչները գլխարկ չեն դնում, գլուխը չեն ծածկում: Կանայք, տղամարդիկ կամ երեխաները երբեք գլխարկ չեն դնում»:

Փոթի
Փոթի

Գրեթե հաջորդ տողում շահը կարծես հակադարձում է ինքն իրեն բաց գլուխների մասով՝ նկարագրելով մինգրել մարտիկներին որպես «գլուխների շուրջ կարմիր կտոր փաթաթած՝ չալմայով, ատրճանակ և մեծ դանակ իրենց պարկի մեջ» ունեցած մարդկանց։

Նրանց համազգեստը, ըստ Նասերի, նման էր Ֆրանսիայի Զուավների և Հինդուստանի ցեղերի համազգեստին, բայց նրանց մուշկետները Տուլայի գործարանում պատրաստված հրացաններ էին:

Մինգրել ռազմիկներ
Մինգրել ռազմիկներ

Շահը գնացքով Թիֆլիս է ժամանել օգոստոսի 29-ին և կարծես հաճելիորեն զարմացած էր քաղաքի արտաքին տեսքից։

«Հիսուն տարի առաջ այս քաղաքը շատ թշվառ ու կեղտոտ էր», - պնդում էր նա՝ չհստակեցնելով, թե որտեղից նա գիտեր, ինչպիսի վիճակում էր այդ քաղաքը մինչև իր իսկ ծնունդը: «Հիմա աստիճանաբար կառուցվում են առանձնատներ ու հասարակական շենքեր, դպրոցներ ու քոլեջներ, քարապատ լայն փողոցներ»։

Ինչպես Փոթիում, այնպես էլ Թիֆլիսում շահին զարմացրեց տեղի էթնիկ խառնուրդը՝ «պարսիկներ, վրացիներ, ռուսներ, դաղստանցիներ, չերքեզներ, գերմանացիներ, հայեր»:

Այն ժամանակ, ինչպես հիմա էլ, վրացական մրգերն աչքի էին ընկնում իրենց որակով։ Շահն առանձնացրել է ձմերուկը, խաղողը, տանձը, ինչպես նաև Թիֆլիսի վարունգը։

Թիֆլիսի Ազատության հրապարակը
Թիֆլիսի Ազատության հրապարակը

Սակայն, մեկնելով Բաքու, շահը նկարագրել է դեպի արևելք գնացող ճանապարհին արևածխացած ամայության պատկերը:

«Հենց Թիֆլիսից դուրս եկանք, մեր ճանապարհի երկու կողմերում էլ մարդու ստեղծածի ոչ մի հետք չկար։ Որքան հեռու կարող էր տեսնել աչքը, ամենուր մելամաղձոտ հարթավայրեր էին կամ շագանակագույն լեռներ», - գրել է նա:

Բաքու
Բաքու

Այսօրվա Ադրբեջանի տարածքում շահը, ըստ երևույթին, այլևս չէր զգում դիվանագիտական տակտի կարիք կամ հոգնել էր ճանապարհորդելուց։

«Այգիները շրջապատում են Գյանջա քաղաքը, բայց քաղաքի ներսում տները աղքատ են ու թշվառ», - դժգոհում է նա:

Շահը ապրում էր մի բնակարանում, որը նկարագրում է որպես «շատ թշվառ բնակարան բլրի գագաթին»։

Երբ Նասերը իր ճամփորդության արդեն վերջին ցամաքային անցումն էր կատարում, նրա համբերության բաժակը լցվեց։

«Բաքու տանող ողջ ճանապարհը չոր ու վատ էր։ Նման չոր ու թշվառ հարթավայր ու սարեր մենք իրականում ոչ տեսել էինք, ոչ էլ դրանց մասին լսել։ Այսօրվա մեր ճամփորդությունը երկրի մի հատվածով էր, որը կոչվում է « Թաղման վայր»։ Սա հարմար անուն է նման տարածաշրջանի համար»:

Շահը միայն կարճատև կանգառ ունեցավ Բաքվում՝ նախքան նավով տուն վերադառնալը:

Բաքվի ծովափը
Բաքվի ծովափը

Շահի այս ճանապարհորդությունը ևս սկսվեց Կասպից ծովն անցնելով։

«Փառք Աստծո, մենք անցանք բաց ծովով և մտանք Վոլգա անունով մի մեծ գետ, որը մեծ հմայք ունի», - գրել է Նասերը Ռուսաստանի կայսրության իր տպավորությունների մասին՝ նավով Կասպից ծովով Իրանից ճանապարհորդելուց հետո։ Նրա ճամփորդությունը սկսվեց Իրանում 1873 թվականի մայիսին. «Այս գետը շատ լայն է, այնքան, որ… սովորական մուշկետի գնդակը ափից ափ չի անցնի»:

Քաղաք Ռուսաստանի հարավում Վոլգա գետի վրա
Քաղաք Ռուսաստանի հարավում Վոլգա գետի վրա

«Յուրաքանչյուր գյուղում մի եկեղեցի է կառուցվել՝ շատ գեղեցիկ ու վեհաշուք։ Այս գյուղերի բնակիչների զբաղմունքը ձկնորսությունն է»,- նշել է շահը սովորական ռուսների մասին իր առաջին տպավորություններում։

Ձկնորսները ձուկ են մշակում Վոլգա գետի վրա գտնվող քաղաքում
Ձկնորսները ձուկ են մշակում Վոլգա գետի վրա գտնվող քաղաքում

Երբ նրանք շոգենավով էին անցնում գյուղերի մոտ, ըստ Նասերի, «բնակիչները հավաքվում էին գետի ափին և բացականչում՝ «ուռա՛»։

Երբ Վոլգայի քաղաքներից մեկի քաղաքապետը ավանդույթի համաձայն աղ ու հացով է դիմավորում նրանց, շահն ասում է, որ իր ժամանման ամսաթիվը գրված է եղել մատուցման սկուտեղի վրա:

Ռուսաստանի հարավից շահը և նրա շքախումբը շարունակել են իրենց ճանապարհը երկաթուղով, ինչը, ըստ երևույթին, նոր փորձառություն էր նրա համար:

«Գնացքի արագությունն այնպիսին էր, որ մենք առաջ էինք անցնում թռչող ագռավներից», - զարմացած գրել է Նասերը։

Շոգեկառք Անդրսիբիրյան երկաթուղու վրա
Շոգեկառք Անդրսիբիրյան երկաթուղու վրա

Երկաթուղու բառապաշարը շահը, ըստ երևույթին, առաջին անգամ Ռուսաստանում է սովորել։

«Կայարանն» այն վայրն է, որտեղ գնացքները կանգ են առնում անիվները յուղելու համար, և որտեղ ուղևորները սուրճ և այլ ըմպելիքներ են խմում», - նշել է նա։

Մեկ այլ հատվածում Նասերը նկարագրել է թունելը՝ որպես «փոս լեռան մեջ»։

Երբ գնացքը մոտենում էր Մոսկվային, սկսվեցին շրջագայության պաշտոնական դրվագները, որոնցում շահը և նրա շքախումբը հագան իրենց համազգեստները և նրանց ցույց տվեցին Կրեմլը, այնուհետև, հավանաբար, հրավիրեցին Մեծ թատրոն, որտեղ նա առաջին անգամ ականատես եղավ բալետի:

Մոսկվայի Մեծ թատրոնը
Մոսկվայի Մեծ թատրոնը

«Վարագույրը բարձրացավ, և մի տարօրինակ աշխարհ հայտնվեց: Մեծ թվով կանայք սկսեցին պարել։ Այս պարն ու ներկայացումը կոչվում է բալետ, այսինքն՝ բեմադրություն ու պար առանց խոսելու»։

Արվեստի ձևի առանձնահատկությունները, գրել է նա, «հնարավոր չէ նկարագրել»:

Սանկտ Պետերբուրգում շահի ուղեգրությունը հիասթափեցնելու աստիճանի դիվանագիտական է դառնում, քանի որ այնտեղ նա հանդիպում է ցար Ալեքսանդր II-ին՝ «բարձր հասակով և վեհ մի մարդու, ով խոսում է մեծ հմայքով և քայլում է շքեղ քայլվածքով»։

Ալեքսանդր II
Ալեքսանդր II

Երկու տիրակալների միջև խոսակցությունները շահը հրապարակման ենթակա չի համարել։ Նա դրանց շատ հպանցիկ է անդրադարձել՝ որպես «երկար և հաճելի»: Իրականում, շատ բան էր կախված երկու տիրակալների շփումից։ Նրանց երկրները միայն վերջերս էին հասել նուրբ խաղաղության՝ Կովկասի վերահսկողության շուրջ դարավոր հակամարտությունից հետո:

Սանկտ Պետերբուրգի Սուրբ Իսահակի տաճարը
Սանկտ Պետերբուրգի Սուրբ Իսահակի տաճարը

Սանկտ Պետերբուրգում թատերական ներկայացումները, ըստ երևույթին, մի փոքր ավելի էին զիջում բալետին, որը հմայել էր շահին Մոսկվայում: Մի կատարող, որը նկարագրված է որպես «զուգագուլպաները հագին մերկ կրծքով և ոտքերով գեր կին», հեծանիվով շրջում էր բեմի հատակին դրված գինու բոցավառ շշերի շուրջը։

«Վերջիվերջո նա հեծանիվից ընկավ գետնին, և նրա կիսաշրջազգեստները կրակի բռնվեց», - նշել է շահը:

Իրանի տիրակալը հատկապես տարված էր Պետերհոֆով, որը թագավորական նստավայր էր Սանկտ Պետերբուրգից դուրս:

Շատրվանները Պետերհոֆում, Սանկտ Պետերբուրգից դուրս
Շատրվանները Պետերհոֆում, Սանկտ Պետերբուրգից դուրս

«Դա դրախտի պես մի վայր էր», - գրել է շահը՝ մինչև Ֆինլանդիայի ծոցը ձգվող շատրվանների և սաղարթավոր արահետների մանրամասն նկարագրության մեջ։

Հաղորդվում էր, որ ճանապարհորդությունը մի քանի կայսրություններով մեծ տպավորություն էր թողել շահի վրա և լայնորեն դիտվել որպես դիվանագիտական հաջողություն: Իրան վերադառնալուց անմիջապես հետո Նասերը սկսեց աշխատել Թեհրանի մոտ փոքր երկաթուղու ստեղծման վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG