Մատչելիության հղումներ

Արագածոտնի մարզի Դավթաշենի բնակիչները փակել էին «Հյուսիս-հարավ» մայրուղին


Արագածոտնի մարզի Դավթաշենի բնակիչներն այսօր առավոտյան փակել էին իրենց գյուղի հարևանությամբ անցնող «Հյուսիս-հարավ» մայրուղին: Գյումրի-Երևան ավտոճանապարհը փակած ցուցարարներն իշխանությունից պահանջում են այդ հատվածում կամուրջ կառուցել, որպեսզի հարևան հինգ գյուղերը կապվեն հիմնական մայրուղուն։ Հիմա ստիպված են 8-10 կմ շրջանցել, որ կա՛մ կարողանան գյուղ մտնել, կա՛մ գյուղից դուրս գալ հասնել «Հյուսիս-հարավ» մայրուղի։

«Թալին գնալու համար պիտի 5-6 կմ ավել վազք կատարել, նույնը՝ գալուց: Բոլոր գյուղերին հարմարություն ստեղծել են, մենակ էս հինգ գյուղի համար ոնց որ անտերություն լինի», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Հիմա խնդիր է Թալինից հետ գալը, որը արդեն մոտ 6 կմ ավելացել է: Խնդիրը միայն Դավթաշենինը չի՝ ևս չորս համայնքի, ու բոլորն էլ ունեն իրենց դժգոհությունը», - ասաց մյուսը:

«Զանգում ենք շտապօգնություն, առանց էդ էլ ծանրաբեռնված են, մենք գիտենք՝ քառասունքանի գյուղ է, առանց էդ էլ ուշացումով են գալիս, 10-15 րոպե էլ ճամփեն երկարում ա: Նույնը երևի էդ 3-4 գյուղը: Կարելի է մի հարմար բան սարքել ստեղ՝ էստակադայա, ինչ ա», - ասաց երրորդը:

Դավթաշենցիները խնդիրն առաջին անգամ չեն բարձրաձայնում, նույնիսկ այս ամիս իրենց մարզ այցելած վարչապետին են պատմել, խոստումներ լսել են, բայց դրանից այն կողմ գործն առաջ չի գնացել։ Այսօր էլ իրենց խնդիրը հիշեցնելու համար էին ճանապարհը փակել։

Ձմռանն, ասում են, ավելի դժվար կլինի՝ հատկապես ուսանողների ու մեքենա չունեցողների համար։

Ու քանի որ հաջորդ տարի նախատեսվում է Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունն ավարտել, գյուղացիները շտապում են խնդրին լուծում գտնելու հարցում, այլապես հինգ գյուղերը չեն օգտվի «Հյուսիս-հարավ» մայրուղուց։

Այլընտրանքը Գյումրի-Երևան հին ճանապարհն է, բայց ինչո՞ւ անբարեկարգ ճանապարհով գնան-գան, եթե կա նորը։

Այսօր ճանապարհը բացել էին պայմանով, որ պատասխան ստանան իրենց բարձրաձայնած հարցի վերաբերյալ։ Վաղը Արագածոտնի մարզպետի մոտ հանդիպման են։ Ասում են՝ եթե չգոհացնի պատասխանը, Գյումրի-Երևան մայրուղին կրկին կփակեն։

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը զարմացած էր, որ այսօր գյուղացիները ճանապարհ են փակել, քանի որ, ըստ նրա, վարչապետից հանձնարարական կա՝ եթե չափորոշիչները թույլ տան, ապա վերգետնյա անցում կկառուցվի։

«Հյուսիս-հարավ»-ի չափորոշիչներն էնպիսին են, որ 5 կմ-ը մեկ է վերնանցումներ նախատեսված: Հիմա վարչապետի հանձնարարականով տարածքային [կառավարման] նախարար պարոն Սանոսյանը պիտի ուսումնասիրի, հասկանա՝ եթե հնարավորությունների մեջ թույլատրելի լինի վերնանցում անել, ուրեմն՝ անպայման վերնանցում կկառուցվի, իսկ եթե չափորոշիչները թույլ չտան, և ոչինչ հնարավոր չլինի անել, անպայման կտեղեկացնենք մենք մեր համագյուղացիներին և այլընտրանքային ինչ-որ այլ բան կմտածենք», - «Ազատությանն» ասաց մարզպետը:

Վաղն այս ամենը նա կներկայացնի գյուղացիների հետ հանդիպմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG