Մատչելիության հղումներ

«20 մետրի վրա են մեր շենքերը՝ ինչպես են այդ շենքը պայթեցնելու». Պարույր Սևակ փողոցի բնակիչները մտահոգ են


Նյարդային օրեր սկսվեցին Պարույր Սևակ փողոցի 4 բազմահարկ շենքերի բնակարաններում այն բանից հետո, երբ մարդիկ նկատեցին՝ հարևան շենքի տակ պայթուցիկի տեղ են պատրաստում։

«Ծածուկ, մեզ ոչ ոք չի տեղեկացրել, որ նման բան է լինելու», - ասաց բնակիչներից մեկը:

«Կամ դեվելոփմենթս» ընկերությունը այս 12 հարկանի շենքի փոխարեն նորակառույցներ է ուզում կառուցել:

Հարևան շենքերի բնակիչները պատուհանից հետևում էին՝ սկսեցին 12 հարկանին վերևից քանդել, փոշի էր, բայց պատրաստ էին դիմանալ, հետո կառուցապատողը կանգ առավ ու սկսեցին շենքի հիմքերը քանդել, հենասյուները բացել պայթուցիկի համար։ «20 մետրի վրա են մեր շենքերը՝ ինչպես են պայթեցնելու, ի՞նչ երաշխիք, որ մեր շենքերի հիմքերը չեն խարխլվի», - տարակուսած, զայրացած են բնակիչները:

Քաղաքապետարանից լսել էին՝ շենքը քանդելու թույլտվություն կա, պայթեցնելու թույլտվություն՝ չկա:

Օրեր առաջ պայթեցնող ընկերության ներկայացուցիչ Վազգեն Պետրոսյանը տարածք եկավ՝ բնակիչներին ասաց՝ բոլոր փաստաթղթերը կան, պայթուցիկը կա, շուտով շենքը կընկնի։

Վազգեն Պետրոսյանը քաղաքապետարանի պատասխանն է բանավոր մեջբերել՝ առաջարկում են չպայթեցնել, իսկ պայթեցման թույլտվություն ստացել են Ներքին գործերի նախարարության տեխնիկական անվտանգության կենտրոնից՝ ինչպես հարկն է։ Ներքին գործերի նախարարության խոսնակն «Ազատությանն» ասաց ՝ պայթեցնողն իրենց դիմել է պայթեցման եղանակների վերաբերյալ եզրակացություն ստանալու համար, իսկ թույլտվություն քաղաքապետարանը պիտի տա։ Այստեղից էլ ասացին՝ պայթեցնել թույլ չեն տվել։ Քաղաքապետարանի խոսնակի տեղեկացմամբ՝ մոտիկ շենքեր կան, դա են հաշվի առել։

«Ոչ, որևէ թույլտվություն պայթեցման եղանակով քանդելու վերաբերյալ տվյալ ՍՊԸ-ն չունի, մենք չենք տվել», - ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Ինչպե՞ս եք պայթեցնում, առանց թույլտվության, հարցրինք «Նորտեխշին» ընկերության ներկայացուցչին:

«Իրենք մեզ տվել են թույլտվություն», - պատասխանեց Վազգեն Պետրոսյանը:

Ո՞վ է տվել, Ներքին գործերի նախարարության տեխնիկական անվտանգության կենտրոնը, ասում է Վազգեն Պետրոսյանը և ցույց տալիս այդ փաստաթուղթը. - «տրվում է տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն, համաձայն որի կարելի է կատարել պայթեցման աշխատանքներ»:

Նույն փաստաթղթի վերջում հատուկ պայման կա՝ պայթեցման աշխատանքները կատարել Ներքին գործերի նախարարության և քաղաքապետարանի հետ համաձայնեցնելուց հետո, սա ի՞նչ է:

«Սա նշանակում է, որ մենք երբ պայթեցման աշխատանքներ իրականացնենք, պետք է քաղաքային ղեկավարությունը տեղյակ լինի դրա մասին: Այնպես, ինչպես մենք պայթեցնում էինք Պաշտպանության նախարարության շենքը, կողքի գյուղերի գյուղապետերին հրավիրեցինք»:

Պետրոսյանը հիշեցնում է՝ ինքն է Հայաստանի միակ շենք պայթեցնողը՝ պայթեցրել է Կրկեսի, Ձյունիկի, Տպարանի, Պաշտպանության նախարարության շենքները և միշտ թույլտվություն ստացել է ոչ թե տեղական ինքնակառավարման մարմնից, այլ տեխնիկական անվտանգության կենտրոնից։ Կարծում է՝ Ներքին գործերի նախարարությունում և քաղաքապետարանում ոչ թե ստում են, այլ անտեղյակ են։ Ինչ է սպասվում արդեն վթարային վիճակում գտնվող այս շենքի հետ, Պետրոսյանը գիտի՝ պայթեցնելու է այս շաբաթ:

Ի դեպ՝ շենքն արդեն քանդել հնարավոր չէ, այն հողին պիտի հավասարվի միայն պայթեցմամբ, քանի որ հիմքերը անդառնալիորեն թուլացրել են պայթուցիկների համար։ Բնակիչների համար փակուղային վիճակ է:

Պայթյունի վայրից 20 մետրի վրա գտնվող շենքերի համար ոչ մի ռիսկ չկա, համոզում է պայթեցնողը։

«Իսկ մեր շենքերի սեյսմիկ վիճակը ուսումնասիրե՞լ եք», - հարցնում են բնակիչները: Դրա կարիքը չկա, շարունակում է չանհանգստանալ պայթեցնող Պետրոսյանը և խոստանում՝ լուրջ ցնցումներ չեն լինեի, 12 հարկանին կընկնի երեք փուլով՝ մեկուկես վայրկյանի ընթացքում, փոշի կլինի, գուցե քարեր:

Եթե այս պայթյունից հետո ձեր շենքերի հիմքերը խարխլվեն, ուրեմն դրանք շենքեր չեն, գերեզմաններ են, այսպես է Պետրոսյանը փորձել սփոփել անհանգիստ բնակիչներին։ Մինչև շաբաթվա վերջ մտադիր է պայթյունը գլուխ բերել, թե չէ շենքը փոքր երկրաշարժից էլ կարող է տապալվել։ Բնակիչները քաղաքապետարանից և Ներքին գործերի նախարարությունից ակնկալում են, որ այդ գործը կկասեցվի։

Իսկ քանդման ենթակա շենքի տարածքում շարունակվում են պայթուցիկի տեղադրման նախապատրաստական աշխատանքները։ Ընդ որում՝ մարդիկ խիստ վթարային դարձած շենքում աշխատում են առանց որևէ պաշտպանիչ հանդերձանքի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG