Մատչելիության հղումներ

Երևանում խմելու ջրի սուր խնդիր է հասունանում


Երևանի թաղամասերից մեկի բնակիչները տան համար ջուր են վերցնում, արխիվ
Երևանի թաղամասերից մեկի բնակիչները տան համար ջուր են վերցնում, արխիվ

«Ծառացել է խնդիր մայրաքաղաքի առջև, որ ջուրը չի հերիքում», - հայտարարում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

Չնայած առատ պաշարներին ու մեծաթիվ աղբյուրներին՝ Երևանում խմելու ջրի սուր խնդիր է հասունանում, այն պարզապես չի հերիքում. տևական ջրանջատումները երևանցիների գլխավոր հոգսերից են դարձել։

Միայն վերջին շաբաթվա ընթացքում ջրանջատման ավելի քան 30 դեպք է եղել։ Գրաֆիկից շեղումների մասին ահազանգերը նույնպես հաճախակիացել են, տարբեր թաղամասերում երեկոյան ջուրը կտրում են մինչ հաջորդ առավոտ։

Քաղաքապետարանի երկարամյա պաշտոնյա Կամո Արեյանը խոստովանում է՝ այս տեմպերով Երևանը լուրջ փաստի առաջ է կանգնելու։

«Մեծագույն մտահոգությունը ֆիզիկական կորուստն է ջրի՝ 65 տոկոս: Այդպիսի քաղցրահամ ջուր ունեցող քաղաքի ու երկրի համար շատ դառը շռայլություն է», - ընդգծում է Արեյանը:

Երևանը սնող աղբյուրներից դուրս եկող ջրի կեսից ավելին քաղաքացիների տներ հասնելու ճանապարհին կորչում է. - «Կորուստը վկայում է, որ ցանցը քայքայված է, խնդիր ունեն մագիստրալ ջրագծերը, որոնք աղբյուրից ջուրը բերում են քաղաք, հաճախակի են վթարները, խնդիր կա քաղաքի ներսում։ Հետևապես՝ ցանցի բարելավման խնդիր կա»:

2016 թվականին Կառավարության հետ կնքած պայմանագրով ջրամատակարարը՝ «Վեոլիա» ընկերությունն այս կորուստները զգալիորեն նվազեցնելու պարտավորություն է ստանձնել, բայց մասնագետների կարծիքով՝ կորստի ծավալը 7 տարի անց շարունակում է ահռելի մնալ։

Ի՞նչ անել հիմա, որ երևանցիները ծարավ ու անլվա չմնան. քաղաքապետի խորհրդականն ասում է՝ «Վեոլիա»-ն առաջարկում է ջրի սրված խնդիրը լուծել այժմ չօգտագործվող այլ աղբյուրների հաշվին ու այդպես քանակ ապահովել։ Քաղաքային իշխանությունները դեմ են. - «Որ կգա լրացուցիչ քանակ, կսկսեն յոլա գնալ դրանով, կապավինեն, որ ջուրը կա, հետո այդ ջուրն է հանգելու կորուստների փաստի առաջ: «Վեոլիա»-ի առաջարկն է եղել, հիմա նրանք էլ էդ առաջարկն են ներկայացրել, բայց մենք սկզբունքորեն կողմ չենք»:

Քաղաքային իշխանությունները պնդում են՝ տասնյակ տարիներ ծառայած, բայց արդեն վաղուց մաշված սովետական ջրագծերն ու մյուս համակարգերը պետք է փոխվեն, թարմացվեն։ Մինչ օրս արված գործը պարզապես կարկատան է եղել, մինչ մի տեղ խնդիրը կարգավորել են, այլ վայրում է վթար եղել, ասում է պաշտոնյան։ Այս աշխատանքների համար հսկայական գումար է պետք, բայց դեռ նույնիսկ մոտավոր թվեր նշել չեն կարողանում:

Պայմանագրով «Վեոլիա»-ն ցանցն ընդլայնելու ու մեծ ներդրումներ անելու պարտավորություններ չի ստանձնել, քաղաքապետարանն առաջարկում է փաստաթղթում փոփոխություններ անել ու լրացնել այս բացը։ Կառավարությունից տեղեկացնում են՝ հիմա քննարկումներ են ընթանում:

Թե ով ու ինչ համամասնությամբ պետք է ֆինանսավորի այս ամենը, նույնպես հստակություն չկա։ Կառավարություն- քաղաքապետարան-«Վեոլիա» եռակողմ քննարկումներ կանցկացվեն, բայց քաղաքային իշխանությունն արդեն հայտարարում է, որ միայն համայնքն այդ բեռը վերցնել չի կարող:

«Պետք է «Վեոլիա»-ի հետ և Կառավարության հետ քննարկենք՝ ըստ թաղամասերի, գոտիականության որտե՞ղ է խնդիրը սրված, կորուստները՝ ակնհայտ շատ, և որպեսզի կազմվի արդեն գրագետ, հիմնավոր ծրագիր ամբողջ քաղաքի ջրամատակարարման ցանցի արդիականացման համար», - ասում է Կամո Արեյանը:

Խմելու ջրի պակասը խնդիրների միայն մի մասն է. պետք է նաև կոյուղատար համակարգը հիմնովին փոխել, որտեղ էլ չկա՝ կառուցել։

Երևանի 82 հասցեներում բնակվող ավելի քան 12 հազար բաժանորդ կոյուղի ընդհանրապես չունի, սրանք հիմնականում Շենգավիթի, Աջափնյակի, Մալաթիա-Սեբաստիայի սեփական տներն են, անգամ Կենտրոնում նման հատվածներ կան։ Միայն այս հասցեներում նման համակարգ կառուցելու համար մոտ 10 միլիարդ դրամ է պետք:

«Առաջին խնդիրը ներկայացրել ենք այս փաթեթում այս խնդիրը, որպեսզի հետագայում արդեն կարողանա Կառավարությունը համայնք-մասնավոր համագործակցությամբ կոնկրետացնեն, հստակեցնեն ֆինանսավորման աղբյուրները», - նշում է Արեյանը:

Քաղաքապետարանն առաջարկում է նաև «Վեոլիա ջրի» պատասխանատվության գոտու հարցը կարգավորել, հաճախ տարբեր խնդիրների դեպքում ընկերությունից պարզապես ասում են՝ սա իրենց սպասարկման տիրույթում չէ։

Կամո Արեյանը պարզաբանում է՝ վերջին տարիների կառուցապատումից, նոր փողոցների շինարարությունից հետո ընդլայնված ցանցը շատ դանդաղ տեմպերով է ընկերության սպասարկման գոտի մտնում։ Այս նոր գույքի 95 տոկոսն առայժմ փաստացի անտեր է. գուցե վթար լինի, զանգեք, ասեն՝ «մենք գործ չունենք»:

«Այստեղ ո՛չ բյուջե է պետք, ո՛չ գումարների ծախս. հետևողական մոտեցում, համալիր մոտեցում և կամք, որպեսզի այս նորաստեղծ ամբողջ գույքը հանձնվի Երևանում ջրամատակարարման-ջրահեռացման և հեղեղատար ջրերի սպասարկման միակ օպերատորին», - ընդգծում է քաղաքապետի խորհրդականը:

Թե ինչ տեսլական ունի «Վեոլիա»-ն այս սուր խնդիրների մասին, դեռ չեն հանրայնացնում։ «Ազատություն»-ը գրավոր է դիմել ընկերությանը՝ քննարկումների վերաբերյալ նրանց տեսակետը պարզելու համար։ Արդյոք մեծածավալ ներդրումների պարագայում ընկերությունը նաև ջրի սակագինը բարձրացնելու հայտ կներկայացնի, առայժմ պարզ չէ։

XS
SM
MD
LG