Մատչելիության հղումներ

Բաքուն իր բողոքն է հայտնում Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության որոշման դեմ


Բաքուն քննադատում ու իր բողոքն է հայտնում Եվրամիության կողմից՝ Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման որոշման դեմ։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է՝ Բաքուն ակնկալում է թափանցիկ տեղեկատվության տրամադրում այդ օգնության մասին։

«Սա շատ սխալ և վտանգավոր քայլ է և ծառայում է տարածաշրջանում լարվածության սրմանը։ Եվրամիության նման գործողություններն ակնհայտորեն միակողմանի են և կողմնակալ ու հանդիսանում են տարածաշրջանում «բաժանարար գծեր» ստեղծելու քաղաքականության դրսևորում», - հայտարարել է Արտգործնախարարության ներկայացուցիչը։

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն, ավելի վաղ շնորհակալություն հայտնելով աջակցություն տրամադրելու որոշման համար, նշել էր, որ համագործակցության այս արդյունքը, որ հիմնված է Հայաստանի և ԵՄ միջև փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա, նպատակ է հետապնդում ամրապնդելու ՀՀ պաշտպանական կարողությունները։

Պաշտոնական Բաքուն շեշտում է՝ Եվրամիությունը պետք է վերջ դնի «այնպիսի քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանում զենքի և ռազմականացման քաղաքականությանը», հակառակ դեպքում «պատասխանատվություն կկրի Հայաստանի կողմից կայունությունը խաթարելուն ուղղված ցանկացած հնարավոր սադրանքի համար»։

Վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու և Խաղաղության հիմադրամից Հայաստանին օգնելու որոշումները ընդունվեցին Երևանի ու Բրյուսելի միջև վերջին շրջանում սերտացած բանակցությունների ֆոնին։

Նախարար Սուրեն Պապիկյանը վստահություն է հայտնել, որ սա նոր լիցք կհաղորդի ԵՄ անդամ հանդիսացող գործընկեր երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության սերտացմանը:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ հավելել է՝ սա ՀՀ-ԵՄ գործընկերության շատ կարևոր հանգրվան է, գործընկերություն, որը խորանում է՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների, ինչպես նաև կայունության, խաղաղության և բարեկեցության տեսլականի վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG