Երևանը ողջունում է ԵՄ կողմից՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացված որոշումները Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք մեծապես ողջունում ենք ԵՄ կողմից՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։
Սա ՀՀ-ԵՄ գործընկերության շատ կարևոր հանգրվան է, գործընկերություն, որը խորանում է՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների, ինչպես նաև կայունության, խաղաղության և բարեկեցության տեսլականի վրա։
Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ԵՄ կառույցների և անդամ երկրների իմ գործընկերներին», - հայտարարել է Միրզոյանը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ, շնորհակալություն հայտնելով Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար, վստահություն է հայտնել, որ սա նոր լիցք կհաղորդի ԵՄ անդամ հանդիսացող գործընկեր երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության սերտացմանը:
«Համագործակցության այս արդյունքը, որ հիմնված է Հայաստանի և ԵՄ միջև փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա, նպատակ է հետապնդում ամրապնդելու ՀՀ պաշտպանական կարողությունները», - նշել է նա։
Եվրամիությունը անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով հուլիսի 17-ին էր հավանություն տվել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկին։
Վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու և Խաղաղության հիմադրամից Հայաստանին օգնելու որոշումները ընդունվեցին Երևանի ու Բրյուսելի միջև վերջին շրջանում սերտացած բանակցությունների ֆոնին։
Անցած հոկտեմբերին վարչապետ Փաշինյանը Եվրախորհդարանում հայտարարեց՝ Հայաստանը պատրաստ է մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։
Այս հայտարարությունից ամիսներ անց՝ այս ամսվա սկզբին, Երևանում, Փաշինյանը ասաց, թե չգիտի՝ պատրա՞ստ է արդյոք ԵՄ-ն ընդունել Հայաստանին որպես կառույցի լիիրավ անդամ։