Մատչելիության հղումներ

Թրամփը՝ նախագահի թեկնածու, Բայդենը՝ ինքնաբացարկի շեմին


ԱՄՆ նախկին և գործող նախագահները
ԱՄՆ նախկին և գործող նախագահները

Դոնալդ Թրամփը Միլուոկիում ընթացող հանրապետականների համագումարում պաշտոնապես հաստատվեց որպես նոյեմբերի 5-ի ընտրություններում կուսակցության թեկնածու։ Այն մասին, որ ինքն ընդունում է կուսակիցների առաջարկն ու կպայքարի Սպիտակ տուն վերադառնալու համար, Թրամփը հայտարարեց երկարաշունչ՝ ավելի քան մեկուկես ժամ տևած ճառի ընթացքում։

Սա Թրամփի առաջին ելույթն էր հուլիսի 13-ի մահափորձից հետո։ Դատելով, սակայն, նախկին նախագահի առույգ տեսքից, նույնիսկ ականջի վիրակապը նրան առանձնապես չէր խանգարում։

«Այս երեկո ես այստեղ եմ, որպեսզի ներկայացնեմ մի տեսլական, որ նախատեսված է մեր ողջ ժողովրդի համար՝ երիտասարդների և տարեցների, տղամարդկանց և կանանց, դեմոկրատների, հանրապետականների և անկախ հայացքներ ունեցողների, աֆրոամերիկացիների, սպիտակների, ասիացիների և իսպանախոսների համար։ Ես ձեզ եմ մեկնում իմ ձեռքը՝ որպես հավատարմության և բարեկամության նշան։ Միասին մենք Ամերիկան կհասցնենք այնպիսի բարձունքների, որոնց ականատեսն աշխարհը մինչ օրս չի եղել», - հայտարարել է Թրամփը։

Դեռ հինգ օր առաջ՝ Փենսիլվանիայում տեղի ունեցած մահափորձից հետո, Թրամփը խոստանում էր համագումարում հանդես գալ ազգային միասնության կոչով։ Չնայած դրան նրա երեկվա ելույթը զերծ չէր քաղաքական հակառակորդներին ուղղված կոշտ քննադատությունից՝ նախ և առաջ անօրինական ներգաղթի դեմ ոչ արդյունավետ պայքարի պատճառով։

«Բայց, որևէ հույս կամ երազանք, որ մենք կապում ենք Ամերիկայի հետ, իրականություն չի դառնա, քանի դեռ մենք վերջ չենք տվել անօրինական ներգաղթյալների ներխուժմանը։ Սա աշխարհում տեղի ունեցած վատթարագույն երևույթն է։ Սա հարձակում է մեր հարավային սահմանի վրա։ Մենք վերջ ենք տալու դրան և անելու ենք դա շատ արագորեն», - ասել է Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը։

Իր ելույթում Թրամփը չէր կարող չանդրադառնալ նաև հուլիսի 13-ի մահափորձին։ Նախկին նախագահի խոսքով՝ իրեն փրկել են Աստված և Սահմանապահ ծառայության կողմից կազմված գրաֆիկը, որի ուղղությամբ թեքելով գլուխն՝ ինքը զուտ պատահաբար կարողացել է մահից խուսափել։

«Եթե այդ գրաֆիկը չլիներ, ես այստեղ կանգնած չէի լինի», - համագումարի պատվիրակների բուռն ծափահարությունների ներքո նշել է նա։

Հանրապետականների համագումարում տիրող ոգևորության հակապատկերը դեմոկրատների ճամբարում առկա տրամադրություններն են։ Ամերիկյան մամուլի տեղեկություններով՝ ազդեցիկ դեմոկրատները շարունակում են մեծացնել ճնշումը գործող նախագահ Ջոզեֆ Բայդենի վրա՝ փորձելով համոզել նրան լքել ընտրարշավը։ Այս պահի դրությամբ նրա ինքնաբացարկի կոչով հանդես եկած Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամների թիվը հասել է 22-ի։

CBS հեռուստաընկերությունը, երկու բարձրաստիճան դեմոկրատ կոնգրեսականների վկայակոչելով, պնդում է, որ Բայդենին ավելի ու ավելի դժվար է դիմակայել այդ ճնշմանը, և չի բացառվում, որ առաջիկա 3-ից 5 օրերի ընթացքում նա հայտարարի ընտրարշավից դուրս գալու մասին։

«Նախագահը գնալով ավելի մեծ քաղաքական մեկուսացման մեջ է հայտնվում, այդ իսկ պատճառով Սպիտակ տան մի շարք ազդեցիկ պաշտոնյաներ և դեմոկրատների նախընտրական շտաբի առաջատար անդամներ սկսում են հակվել այն մտքին, որ Բայդենը պետք է դադարեցնի պայքարը», -իր հերթին գրում է CNN-ը՝ վկայակոչելով դեմոկրատ կոնգրեսականներից մեկին, որը պնդել է, թե առաջիկա 72 ժամերը կարող են որոշիչ լինել։

Վաշինգտոնի ներքաղաքական անցուդարձին քաջածանոթ The Hill-ի տեղեկություններով էլ՝ Բայդենի ավելի ու ավելի անխուսափելի թվացող ինքնաբացարկի դեպքում նրան փոխարինելու է փոխնախագահ Քամալա Հարիսը։

The New York Times-ի տեղեկություններով ևս՝ եթե Բայդենն ի վերջո համակերպվի ընտրարշավը լքելու գաղափարին, ապա կոչ կանի աջակցել գործող փոխնախագահին։

Այլ հարց է, որ Բայդենին Հարիսով փոխարինելու դեպքում դեմոկրատական կուսակցությունը նոր խնդիրների կբախվի։ Դրանցից առաջինը փոխնախագահի թեկնածուի ընտրությունն է։ Երկու ամենամեծ ժողովրդականություն վայելող դեմոկրատ նահանգապետերը՝ Կալիֆորնիան ղեկավարող Գևին Նյուսոմը և Միչիգանի նահանգապետ Գրեթհեն Ուիթմերն արդեն իսկ հայտարարել են, որ փոխնախագահի պաշտոնի համար պայքարելու որևէ ցանկություն չունեն։ Մյուս խնդիրը Հարիսի վարկանիշն է։

YouGov հետազոտական ծառայության կողմից հուլիսի 13-ից 16-ը անցկացրած հարցման արդյունքների համաձայն՝ առաջադրման դեպքում Հարիսը կստանա ամերիկացի ընտրողների միայն 39 տոկոսի ձայները՝ Թրամփի 44 տոկոսի դիմաց։ Reuters-ի պատվերով IPSOS-ի անցկացրած հարցման համաձայն էլ՝ գոնե այս պահին Թրամփի և Հարիսի վարկանիշերը հավասար են՝ 44-ական տոկոս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG