Մատչելիության հղումներ

Զարոբյան փողոցի բնակիչների պնդմամբ՝ արդեն 20 օր է իրենց փողոցներով խմելու ջուր է հոսում. ինչո՞ւ


Երևանի Զարոբյան փողոցի բնակիչ Էսթեր Մալխասյանը պատմում է՝ արդեն 20 օր շարունակ խմելու ջուր է հոսում իրենց փողոցներով: Ջուրը սկսում է հոսել Զարոբյան 18-ից, անցնում Սահմանադրական դատարանի կողքով և Բաղրամյան փողոցով իջնում դեպի Կասկադ:

Էսթեր Մալխասյանն ու հարևանները պատմում են՝ սկզբից ջրի հոսքը դանդաղ էր, թաց տարածքը՝ փոքր: Զանգահարել են «Վեոլեա Ջուր», եկել փորձել են գտնել վթարի աղբյուրը, փոսեր են փորել ու թողել գնացել:

Ջրի փոքր հոսքը իր բիզնես տարածքում նկատել է Նարեկ Այվազյանը. - «Ասում էին՝ սա ներքին ցանցի խնդիր է, այսինքն, բնակիչների խնդիրն է, բնակիչները պետք է այդ հարցը լուծեն: 10 օր անցավ, շատ ահազանգելուց, բարձրաձայնելուց հետո նոր եկան այստեղ, չափիչ սարքով ստուգեցին, տեսան, որ ավելի մեծ խնդիր է, հետո բավականին տեղեր փորեցին, հայտնաբերեցին, որ մագիստրալ է, այնուհետև, երբ կտրեցին այստեղի ջրահոսը, Սարմեն Փողոցից կտրեցին, պարզվես, որ Կասկադից մինչև Ազգային ժողովի հատվածն ամբողջ փողոցով էս մագիստրալը սպասարկում է»:

Նարեկն ում ասես չի դիմել, բայց խնդիրը ոչ թե լուծվել, այլ ավելի է մեծացել։

Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող Միքայել Զաքարյանը բացարձակ տեսողություն չունի, օգնականի աջակցությամբ է տեղաշարժվում: Անդադար հոսող ջուրն անանցանելի է դարձրել նրա ճանապարհը։

«Համարյա անհնարին է ինձ համար անցնելը, ջուր է, ցեխ է: Արդեն 15-20 օր է, ես տնից դուրս չեմ գալիս, առանց էդ էլ դուրս էի գալիս օգնականով, բայց հիմա նույնիսկ օգնականով շատ ավելի դժվար է», - նշեց նա:

2017-ից Հայաստանում խմելու ջրի սապսարկումն իրականացնող «Վելիա ջուր» ընկերությունից չկարողացանք ստանալ հարցերի պատասխանը՝ ինչո՞ւ է 20 օր շարունակ, հոսում այդ ջուրը, այն իսկապե՞ս խմելու է, արդյո՞ք խնդիրը ծագել է, երբ «Վեոլեա»-ն փորձել է վթարը վերացնել, բայց խորը փոսեր է փորել, դրանք թողել բաց ու հեռացել: Ո՞վ պետք է վճարի խմելու ջրի այս կորստի դիմաց... Ընկերության մամուլի խոսնակի պահանջով այս հարցերը գրավոր ուղարկեցինք։

Էսթեր Մալխասյանն ասում է՝ մինչև մեկը մյուսի վրա խնդիրը բարդող կառույցները տեղից կշարժվեն, իրենք շարունակում են թաց ոտքերով տուն հասնել:

Բնակիչները նաև քաղաքապետարան են դիմել, այս կառույցից ասացին՝ «Վեոլա ջրին» հրահանգներ տալու լիազորություններ չունեն, գործընկերական խնդրանքով են դիմել՝ արագացնել խնդրի լուծումը:

Զարուբյան թաղամասի բնակիչ Էսթերը նեղսրտած է, իսկ Կենտրոնում գույքահարկի համար ահռելի թվեր գանձող քաղաքային իշխանությունն ի վիճակի՞ է վերահսկել, որ այդ գումարը վճարելուց հետո գոնե մի քիչ հարմարավետ ապրեն:

«Էդ ահռելի գույքահարկը կազմում է մոտ 485 հազար դրամ այս տարվա համար, իսկ մի քանի տարի անց հասնելու է մոտ մեկ միլիոն: Չգիտենք՝ եթե վճարենք, էդ խնդիրները կլուծվե՞ն, թե՞ չեն լուծվի», - նշեց Էսթեր Մալխասյանը:

Զարուբյան փողոցի բնակիչներից մեկը, որ ցանկացավ անանուն մնալ, պատմեց՝ «Վեոլա»-ից ասել են, թե իր տան պարիսպը հենց վթարված մագիստրալի վրա է գտնվում, պետք է դա քանդեն, որ նորոգեն: Պատմեց՝ «Պարիսպը 1999-ին է կառուցվել, երբևէ այդպիսի խնդիր չի եղել»:

«Մինչ օրս նման խախտումներ, նման երևույթներ չեն եղել, հիմա «Վեոլիա ջուրը», որպեսզի պատճառ բռնի, կլասիկ առաջին կարգի տուն, որ մտածում են կարող է այդ ամբողջ ծախսը ինչպես ժամանակին թաղամասի բարեկարգման համար ենք արել, նույնը հիմա մենք կարող ենք կատարել, դրա համար բարդում են իմ՝ Սարմեն 41-ի վրա: «Վելոիա ջուրը» հանձն է վերցնո՞ւմ ինձ հետ պայմանագիր՝ քար առ քար սարքած խորանները կվերանորոգի՞, չի վերանորոգի», - ասաց բնակիչը:

Բնակիչներից՝ Միքայել Զաքարյանն անհանգստացած է, եթե «Վեոլեա»-ն հարցը լուծի այնպես, ինչպես իրենց նախապես ասել են՝ ապա իրենք ավելի կտուժեն. - «Վեոլիա»-ն եկավ, սկսեց ինչ-որ գործողություններ կատարել, ջուրը 2-3 օրով կտրեց ու հետ ուզում էր մի հատ լուծում տար, որի արդյունքում շենքը զրկվում էր ջրից ընդհանրապես՝ դուք հետո ոնց ուզում եք կպեք, մենք նոր տրուբա ենք անցկացնում, ոչ մեր մեղքով, մենք ոչ մի բան չենք խախտել, բայց ինքը կարող է նենց լուծում տա, որ ջուրը մեզ չհասնի»:

Բնակիչները հիշեցնում են՝ Հայաստանում խմելու ջրի կորուստը շուրջ 70 տոկոսի է հասնում, քաղաքի տարբեր ծայրամասերում էլ ամառվա շոգին ջրանջատումներ են տեղի ունենում՝ ջուրը խնայելու պատրվակով, իսկ իրենց թաղամասից սկիզբ առած գետակը նոր երթուղի է գծում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG