Մատչելիության հղումներ

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «ԼՂ հայերի և ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը


Լուսանկարը՝ Արման Եղոյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Արման Եղոյանի ֆեյսբուքյան էջից

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ֆեյսբուքյան գրառումից:

Ըստ Եղոյանի գրառման՝ բանաձևում մասնավորապես ասվում է, որ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումը, ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանումը և Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակական խախտումները, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն իր սահմաններում:

«Խստորեն դատապարտում Է ադրբեջանական ռազմական ներխուժումը և Ադրբեջանի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը և հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը», - ասված է բանաձևում:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովն, ըստ բանաձևի, նաև՝ «աներկբա աջակցություն է հայտնում Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը»:

«Աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նաև՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ հիմնված ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա և, այս համատեքստում, Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը», - նշված է բանաձևում։

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG