Ուկրաինայում երեկվա հրթիռակոծությունից ավերված շենքերի փլատակներից փրկարարներն այսօր ևս մեկ մահացած երեխա են գտել: Ընդհանուր, զոհերի թիվը հասել է 40-ի, այդ թվում՝ 4 երեխա, 117 մարդ վիրավորվել է։
Զանգվածային այդ հարվածներով, որոնց թիրախում էր նաև մանկական հիվանդանոցը, Ռուսաստանը ևս մեկ անգամ ի ցույց դրեց իր սարսափելի դաժանությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Ռուսաստանի հրթիռային հարվածները, որոնք այսօր սպանեցին տասնյակ ուկրաինացի խաղաղ բնակիչների, զոհեր ու ավերածություններ պատճառեցին Կիևի ամենամեծ մանկական հիվանդանոցում, սարսափելի հիշեցում են Ռուսաստանի դաժանության մասին», - ասել է Բայդենը:
Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ի դաշնակիցներն այս շաբաթ կհայտարարեն՝ ինչ նոր քայլեր են ձեռնարկում Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար, ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Չնայած տարածվող տեսանյութերին՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր կրկին հայտարարել է՝ ռուսները քաղաքացիական օբյեկտներ չեն թիրախավորում:
«Մենք նախկինի պես պնդում ենք՝ մենք չենք հարձակվում քաղաքացիական օբյեկտների վրա։ Հարվածներ են հասցվում ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտներին, ռազմական թիրախներին, որոնք այս կամ այն կերպ կապված են Կիևի ռեժիմի ռազմական ներուժի հետ», - վստահեցրել է Պեսկովը:
Մոսկվան պնդում է, թե ողբերգությունը տեղի է ունեցել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի պատճառով: Ուկրաինացի պաշտոնյաներն ու անկախ փորձագետները, սակայն, բացառում են այդ վարկածը։
Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտարկման առաքելության ղեկավարը ևս այսօր հայտարարել է, որ հիվանդանոցը մեծ հավանականությամբ խոցվել է հենց ռուսական հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով։ Ակնկալվում է, որ այսօր ավելի ուշ ՄԱԿ-ը Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի մի շարք երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ:
Մինչ այդ, ռուսներն այս գիշեր էլ շարունակել են հրթիռակոծությունը, ուկրաինացիներն էլ հետևել են նախագահ Զելենսկու՝ վրեժխնդիր լինելու հորդորին՝ երեք տասնյակ անօդաչուներ ուղարկելով Ռուսաստանի տարածք և թիրախավորելով մի շարք բնակավայրեր, ինչի հետևանքով սահմանակից Բելգորոդի մարզում մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել:
Օրբանն ահազանգում է
«Առաջիկա երկու ամսում ուկրաինական ճակատում հնարավոր են ավելի դրամատիկ կորուստներ և ռազմական իրադարձություններ, որոնք մինչ օրս չենք տեսել», - իր հերթին, նախազգուշացրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որ անցած օրերին մեկնել էր Կիև, ապա՝ Մոսկվա և Պեկին։
«Ազատության» տրամադրության տակ է ԵՄ ղեկավարությանը ուղղված նրա նամակը, որտեղ Օրբանը Բրյուսելին տեղեկացրել է՝ Պուտինը վստահ է Ուկրաինայի պարտության հարցում, վստահ է, որ ժամանակն աշխատում է իր օգտին։ Նամակը, ի դեպ, Բրյուսել է ուղարկվել հուլիսի 5-ին Ադրբեջանից, ուր Օրբանն այցելել էր Պուտինի հետ մոսկովյան հանդիպումից հետո։
Փաստաթղթում նշվում է, թե ռուսները բանակցությունների պատրաստ են միայն մեկ դեպքում՝ եթե իրենք էլ դրանցում ներգրավված լինեն։ Ըստ Օրբանի, այդ տեսակետը կիսել է նաև Զելենսկին, ընդունելով, որ խաղաղության շուրջ քննարկումներին նաև Ռուսաստանը պետք է մասնակցի։
Օրբանը Եվրոպական խորհրդին նամակ է հղել նաև Չինաստան կատարած այցից հետո, այն ևս հայտնվել է «Ազատության» տրամադրության տակ։ Ըստ այս փաստաթղթի՝ Չինաստանի նախագահը Հունգարիայի վարչապետին ասել է, որ միջազգային հաջորդ բանակցությունները հրադադարի շուրջ կարող են տեղի ունենալ արդեն մինչև այս տարեվերջ։
Մոսկվա է ժամանել Հնդկաստանի վարչապետը
Մինչ այդ, երկօրյա այցով Մոսկվա է ժամանել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ Սա նրա առաջին արտասահմանյան այցն է հունիսին կառավարության ղեկը երրորդ անգամ ստանձնելուց հետո։
«Մեր երկկողմ հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության ու հարգանքի վրա», - հայտարարել է Մոդին Մոսկվայում՝ հայրենակիցների հետ հանդիպմանը, հավելելով. - «Ես երջանիկ եմ, որ Հնդկաստանն ու Ռուսաստանն աշխատում են ուս-ուսի՝ նոր թափ տալու համաշխարհային բարեկեցությանը»։
Մոդիի այցը Մոսկվա և ողջագուրումը Ռուսաստանի նախագահի հետ մտահոգություններ է առաջացրել Արևմուտքում, որտեղ այս օրերին ՆԱՏՕ-ի դաշնակիցներն Ուկրաինային աջակցելու նոր ուղիներն են փնտրում։ Պետդեպարտամենտը հորդորել է Մոդիին Պուտինի հետ հանդիպմանը աջակցություն հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առավել կտրուկ է արձագանքել. - «Խորը հիասթափություն է և խաղաղ բանակցություններին ուղղված մեծ հարված՝ տեսնել աշխարհի ամենամեծ ժողովրդավար երկրի առաջնորդի գրկախառնությունը աշխարհի ամենաարյունոտ քրեական հանցագործի հետ», - հայտարարել է Զելենսկին: