ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով Վաշինգտոն մեկնելուց առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարը կրկին անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին։
«Հայաստանը պետք է ընտրի տարածաշրջանային համագործակցության, այլ ոչ թե տարածքային պահանջների ճանապարհը», - Ադրբեջանի դիվանագիտական ծառայության 105-ամյակին նվիրված ընդունելության ժամանակ հայտարարել է Բայրամովը։
«Ստեղծված պատմական պայմաններում Ադրբեջանն է, որ մշտապես հանդես է գալիս երկխոսության և խաղաղության օգտին», - հայտարարել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը։
ՆԱՏՕ-ի գագաթաժողովը նախատեսված է հուլիսի 9-ից 11-ը։ Վաշինգտոն է մեկնել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Երեկ Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։
Այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրվել են ՆԱՏՕ-ի 2024-ի գործընկերների հետ հանդիպմանը, հունիսի վերջին Բաքվում տեղեկացրեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը։
ԱՄՆ պետդեպարտամենտից էլ հայտարարել են, որ ԱՄՆ-ը կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի հետ կոնկրետ հանդիպումների ուղղությամբ։