Մատչելիության հղումներ

Գասպարյանը, Երանոսյանը մեղավոր ճանաչվեցին, սակայն ազատվեցին պատժի կրումից


Վլադիմիր Գասպարյան, Լևոն Երանոսյան, արխիվ
Վլադիմիր Գասպարյան, Լևոն Երանոսյան, արխիվ

Մեկուկես տարվա դատաքննությունից հետո դատարանն այսօր մեղավոր ճանաչեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գապարյանին, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանին ու ևս երկու նախկին բարձրաստիճան ոստիկանի։

Գասպարյանը մեղավոր ճանաչվեց երկու դրվագով, սակայն, ազատվեց քրեական պատասխանատվությունից՝ մի դեպքում վաղեմության ժամկետները լրանալու հիմքով, մյուսի դեպքում՝ համաներմամբ։ Իսկ ստորագրությամբ չհեռանալու մասին խափան միջոցը մնաց անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Որպես դատական ծախս Գասպարյանից կգանձվի 200 հազար դրամ։

Երանոսյանը մեղավոր ճանաչվեց երկու դրվագով, սակայն կրկին ազատվեց պատասխանատվությունից՝ վաղեմության ժեմկետները լրանալու հիմքով։

Գասպարյանի նախկին տեղակալը մեղավոր ճանաչվեց մեկ այլ դրվագով, որպես պատիժ ընտրվեց ազատազրկումը հինգ տարի ժամկետով, սակայն համաներմամբ նա ևս ազատ արձավեց, ստորագրությամբ չհեռանալու մասին արգելքը մնաց անփոփոխ՝ մինչև դատավճի օրինական ուժի մեջ մտնելը։

Նրանցից ոչ մեկը մեղքը դատարանում չի ընդունել։

Վճռի հրապարակումից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, «Ազատության» հարցին ի պատասխան, Գասպարյանը կրկի հայտարարեց, որ անմեղ է։

«Վճիռը կստանանք, կծանոթանանք ու կորոշենք հետագա ընթացքը», - ասաց նախկին ոստիկանապետը՝ նշելով, որ գնալու են արդարացման ճանապարհով։

Գասպարյանը, Երանոսյանն ու մյուսները մեղադրվում են պետական միջոցները վատնելու, յուրացնելու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով։


Ըստ իրավապահների՝ 1997-2011 թվականներին Վլադիմիրի Գասպարյանը Ռազմական ոստիկանության վարչության պետի, հետագայում էլ՝ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոններում մի քանի զինծառայողի թույլ է տվել իրենց պարտականությունները կատարելու փոխարեն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի մոտ վարորդ աշխատել, իսկ երկու այլ զինծառայողներ էլ եղել են նախկին նախագահ մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահները: Փաստաբանն անդրադարձավ այս դրվագին և օրինակներ բերեց, թե ներկայիս իշխանության որոշ ներկայացուցիչներ ևս շրջում են թիկնապահներով:

Իրավապահների գնահատմամբ, այս ապօրինի ծառայությունների դիմաց զինծառայողները պետբյուջեից ընդհանուր առմամբ ստացել են 54 միլիոն դրամ աշխատավարձ:

Գասպարյանը մեղադրվում է նաև 2011-2018 թվականներին, երբ արդեն ոստիկանապետն էր, Ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15 միլիոն և 10 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքերը սեփականության իրավունքով Ոստիկանության ծառայողներին, այդ թվում՝ իր դստեր պրոդյուսերին հատկացնելու համար:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG