Մատչելիության հղումներ

Բայրամովը ևս մեկնել է Վաշինգտոն, Միրզոյանի հետ հանդիպման մասին Բաքուն չի հաղորդում


Միրզոյան-Բայրամով հանդիպում Բեռլինում, 28-ը փետրվարի, 2024թ․
Միրզոյան-Բայրամով հանդիպում Բեռլինում, 28-ը փետրվարի, 2024թ․

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության՝ Բայրամովը Վաշինգտոնում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչպես նաև մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ կունենա։

ՆԱՏՕ-ի գագաթաժողովը նախատեսված է հուլիսի 9-ից 11-ը։ Վաշինգտոն է մեկնել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Երևանն էլ տեղեկացրել է, որ Միրզոյանը երկկողմ հանդիպումներ կունենա ԱՄՆ-ում։

Սակայն ո՛չ Բաքուն, ո՛չ Երևանը չեն մանրամասնել, թե կոնկրետ ինչ հանդիպումների մասին է խոսքը։ Երեկ Հայաստանի արտգործնախարարությունը միայն տեղեկացրել է, որ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։

Այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրվել են ՆԱՏՕ-ի 2024-ի գործընկերների հետ հանդիպմանը, հունիսի վերջին Բաքվում տեղեկացրեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը։

ԱՄՆ պետդեպարտամենտից էլ հայտարարել են, որ ԱՄՆ-ը կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի հետ կոնկրետ հանդիպումների ուղղությամբ։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ երեկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կրկին պնդել է՝ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում Անկախության հռչակագրի հիշատակումը, որտեղ խոսվում է Հայաստանի և Արցախի միավորման մասին։

Երևանը պաբերաբար հայտարարում է, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է և Ադրբեջանը չի կարող պահանջ ներկայացնել Հայաստանին՝ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման հետ փոխկապկցելով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG