Մատչելիության հղումներ

Ուկրաինան զանգվածային հրթիռակոծության է ենթարկվել, ավելի քան 30 մարդ զոհվել է, 130-ը՝ վիրավորվել


Ուկրաինա - Հրթիռակոծության հետևանքները Կիևում, 8-ը հուլիսի, 2024թ.
Ուկրաինա - Հրթիռակոծության հետևանքները Կիևում, 8-ը հուլիսի, 2024թ.

Ուկրաինան այսօր առավոտյան զանգվածային հրթիռակոծության է ենթարկվել, ավելի քան 30 մարդ զոհվել է, 130-ից ավելին՝ վիրավորվել:

Կիևում ռուսների թիրախում է եղել նաև մանկական հիվանդանոցի շենքերից մեկը, որն ավերվել է։

Ուկրաինայի առողջապահության նախարարի խոսքով՝ փրկարարական աշխատանքներն ավերված հիվանդանոցի շենքի վայրում շարունակվում են. - «Օխմադետ» հիվանդանոցի այս շենքն էր հարվածի թիրախում, որտեղ երեխաները դիալիզ էին ստանում: Վնասվել են վերակենդանացման և ուռուցքաբանական բաժանմունքները»։

Ուկրաինան այժմ նախաձեռնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ Ռուսաստանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ մանկական հիվանդանոցին հասցված հարվածների պատճառով, Վարշավայում այսօր հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:

«Առանց կասկածի, մենք պատրաստվում ենք վերակառուցել այն ամենը, ինչ այս ահաբեկիչներն ավերել են: Բոլոր վիրավորները կստանան անհրաժեշտ օգնությունը, և մենք խոստանում ենք աշխատել ահաբեկչության համար Ռուսաստանին և նախագահ Պուտինին պատասխանատվության ենթարկելու համար», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Մինչդեռ այս անգամ էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի ստանձնում քաղաքացիական օբյեկտներին հերթական հարվածի պատասխանատվությունը և պնդում է, թե հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված է հասցվել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության օբյեկտներին և Ուկրաինայի զինված ուժերի ավիացիոն բազաներին։ Ավելին, Մոսկվան պնդում է, թե իբր լուսանկարներն ու տեսանյութերը հաստատում են, որ ավերածությունները «քաղաքի ներսում զենիթահրթիռային համակարգից արձակված ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռի անկման հետևանք են»:

Ուկրաինայի հատուկ ծառայությունները, մինչդեռ, պնդում են, թե հայտնաբերել են մանկական հիվանդանոցին հարվածած ռուսական X101 հրթիռի բեկորները:

Սա վերջին ամիսներին ուկրաինական քաղաքներին ռուսների ամենաուժգին հարվածներից մեկն է: Լայնածավալ հրթիռակոծության ֆոնին, հուլիսից Եվրամիության խորհրդի նախագահությունը ստանձնած Հունգարիայի վարչապետն այսօր էլ ժամանել է Չինաստանի մայրաքաղաք՝ Ուկրաինայում հրադադար հաստատելու առաքելությամբ: Մինչ այդ Վիկտոր Օրբանը մեկնել էր Կիև, ապա՝ Մոսկվա:

«Չինաստանն առանցքային ուժ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում խաղաղության համար պայմաններ ստեղծելու գործում։ Այդ իսկ պատճառով ես ժամանել եմ Պեկին՝ հանդիպելու նախագահ Սի Ծինփինին», - գրել է նա X-ում և Չինաստանի նախագահի հետ լուսանկար հրապարակել։

Ավելի վաղ Կիևում Հունգարիայի վարչապետը Զելենսկուն առաջարկել էր նախ կանգնեցնել պատերազմը, հետո քննարկել հակամարտության լուծումը: Հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը Bloomberg-ին ասել էր, թե Օրբանի այդ առաջարկն անընդունելի է Կիևի համար, քանի որ հիմքեր չկան հուսալու, որ Մոսկվան կկատարի պայմանավորվածությունները։

Այսօր էլ Զելենսկին հայտարարել է, թե չի կարծում, որ որևէ առանձին եվրոպական երկիր կարող է ստանձնել Կիևի և Մոսկվայի միջև միջնորդի դեր:

«Ես կարծում եմ, որ միջնորդներ կարող են լինել Միացյալ Նահանգները, Չինաստանը և Եվրամիությունը՝ ոչ թե մեկ երկիր, այլ՝ ամբողջ Եվրամիությունը», - նշել է Ուկրաինայի նախագահը:

Ընդ որում, Օրբանի այցը Պեկին տեղի է ունենում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մի քանի օր առաջ, որին Օրբանը նույնպես մասնակցելու է:

Վաշինգտոնում կայանալիք այդ հանդիպմանը քննարկվելու է Ուկրաինային հետագա աջակցության հարցը։ Օրբանը քննադատում է Արևմուտքի ռազմական օգնությունն Ուկրաինային և ջերմ հարաբերություններ է պահպանում թե՛ Սի Ծինփինի և թե՛ Վլադիմիր Պուտինի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG