Մատչելիության հղումներ

Արաբկիրի գործով 4 մարդ կալանավորված է, վարչական շրջանի ղեկավարը տնային կալանքում է


Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյան, լուսանկարը՝ Ֆեյսբուքից
Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյան, լուսանկարը՝ Ֆեյսբուքից

Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում խուզարկություններից մեկ օր անց, վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը 30 միլիոն գրավի դիմաց տնային կալանքում է, փոխանցեց նրա փաստաբանը, որը հրաժարվեց հարցազրույցից։ Իսկ վարչական շրջանի ղեկավարի երկու տեղակալները բանտային կալանքի տակ են, մեկը՝ երկամսյա, մյուսը՝ մեկամսյա։

Քննչական կոմիտեն գործից շատ մանրամասներ չի հայտնում, միայն նշում են, որ վարույթը հարուցվել է մի խումբ պաշտոնյաների կողմից իշխանական լիազորությունները չարաշահելով առանձնապես խոշոր չափով վնաս պատճառելու, կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության հոդվածներով։ Առանց անուններ նշելու իրավապահները հայտնել են՝ մեղադրանք է առաջադրվել 8 մարդու, այդ թվում՝ 3 պաշտոնյայի։ Այս 8-ից 4-ը կալանավորված են, մեկը տնային կալանքում է, մյուսները երկրից չբացակայելու արգելք ունեն։

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը «Ազատությանը» ասաց. - «Անձանց տվյալներն էլ այս պահին նախաքննության շահերից ելնելով չեմ կարող փոխանցել»:

Այս գործով մեղադրյալ է նաև շինարարական «Էլ-Սթրոյ գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Գալոյանը, դատարանը, սակայն, այսօր մերժել է նրան կալանավորելու Քննչականի միջնորդությունը՝ նա ազատության մեջ է։

Գալոյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն «Ազատությանն» ասաց՝ իրավապահներն իր վստահորդին մեղադրում են խարդախության մեջ: Ըստ մեղադրանքի՝ իր պաշտպանյալը թաղապետարանի հետ պայմանագիր է կնքել, որ շենքերի շքամուտքերը վերանորոգի, բայց աշխատանքները ոչ պատշաճ է կատարել ու խարդախությամբ 20 մլն դրամ հափշտակել բյուջեից:

«Սա հնարած մեղադրանք է», - ասում է փաստաբանը՝ մանրամասնելով. - «Եթե կատարվել են աշխատանքներ, եթե էդ աշխատանքները հանձնման-ընդունման ակտով ընդունվել են, դու չես կարող չարաշահել քո լիազորությունները կամ իմ պաշտպանյալի տեսանկյունից խարդախությամբ գումարներ հափշտակել, քանի որ ակնհայտ է՝ էդ շենքերը, որոնք պայմանագրով նախատեսված են եղել, արդեն իսկ վերանորոգված են»:

Կոչուբաևն ասում է՝ շենքերի վերանորոգման պայմանագրերը կնքվել են 2021 թվականին՝ երաշխիքային մեկ տարվա ժամկետով: Դրանից հետո, ըստ նրա, եթե շենքը հանձնվել է, երաշխիքային ժամկետն էլ՝ անցել, ապա 2024-ին քննիչներն ի՞նչն են զննել։

«Եթե բնակիչները վատ են օգտագործել, չէր կարելի պաշտոնյաներին կամ կառուցապատողներին մեղադրել: Իսկ երաշխիքային ժամկետի լրանալուց հետո անցել է երկու տարի, և պատկերացրեք՝ քննիչը գնում է դեպքի վայր, զննում է, ասում է՝ տեսեք, ոչ պատշաճ է կատարվել: Այն դեպքում, երբ էդ վերանորոգման աշխատանքները չորս տարի առաջ են եղել, և եթե մենք չորս տարի առաջվա նորմատիվով ենք դիտարկում 24 թվականին, բնականաբար՝ պետք է լիներ ոչ պատշաճ, որովհետև առնվազն չորս տարի անցել է», - ընդգծեց փաստաբանը:

Կոչուբաևը հարցնում է՝ ինչո՞ւ են երեք տարի առաջ հարուցված քրեական գործով այսօր ձերբակալում մարդկանց. - «Եկեք ընդունենք ի գիտություն, օրինակ՝ Ազատյանը կամ իր աշխատակազմը հանցագործներ են: Ստացվում է՝ ուղիղ մեկ տարի թողել են էս անձինք հանցանք կատարած իրավիճակում պաշտոնավարեն, և անհայտ է՝ եթե իրենք հանցավոր հակումներ ունեն, է՞լ ինչ են արել համայնքի շահերին հակասող: Այսինքն՝ էդ տվյալները պահվել են և պատեհ պահին օգտագործվել են: Չեմ կարող ասել՝ ով է մոտիվացված էս քրեական գործի մեջ, բայց սա արտաիրավական հետապնդում է»:

Ըստ փաստաբանի՝ եթե գործը հարուցվել է 2021-ին, իսկ Արամ Ազատյանն Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2022-ին, ապա ինչպե՞ս է պաշտոնեական դիրքը չարաշահել։ Այս հարցը Քննչական կոմիտեն ևս անպատասխան թողեց:

Այս գործի շրջանակում մեկ ամսով կալանավայր է տարվել նաև «Փինք Բերրի» պաղպաղակի արտադրության փոխտնօրեն Լևոն Սաֆարյանը, դատարանն արգելել է նրա տեսակցությունները:

«Ըստ իրավապահների՝ Սաֆարյանը միջնորդել է, որ վարչական շրջանի ղեկավարը խոշոր չափերով կաշառք ստանա», - ասում է նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը, որն այս մեղադրանքն ու կալանքի որոշումը ոչ իրավաչափ է համարում:

«Քննիչը ուղիղ ասեց՝ մենք ենթադրում ենք, որ էնտեղ եթե ինչ-որ խոսակցություն կա երրորդ անձանց և չորրորդ անձանց միջև, ընդ որում՝ առանց անուններ վկայակոչելու, առանց գումարի չափ նշելու, առանց կաշառքի մասին խոսելու, կամ անգամ ակնարկներ անելու, բայց դրանում, պարզվում է, որ Լևոն Գևորգի Սաֆարյանը կաշառք ստացողի օժանդակություն է կատարել: Ընդ որում, էդ կաշառքը, նշեմ, որ չի տրվել երբեք, նույնիսկ համաձայնություն չի էլ բերվել Լևոն Գևորգի Սաֆարյանի և ենթադրյալ կաշառք ստացող Արաբկիրի թաղապետի միջև», - «Ազատությանն» ասաց Սարգսյանը:

Քննչական կոմիտեն երկու օր է հավելյալ մեկնաբանություն չի տալիս, մասնավորապես, թե արդյոք գործն իսկապես 2021-ին է հարուցվել, և եթե այո, ապա ինչո՞ւ են հիմա նոր ձերբակալում պաշտոնյաներին ու մյուսներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG