«Ազատության» տեղեկություններով՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու նրա երկու տեղակալները՝ Գեղամ Կարապետյանն ու Դավիթ Բալասանյանը կալանավորվեցին:
Վարչական շրջանի ղեկավար Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 30 մլն դրամ գրավ: Իսկ տեղակալներն անազատության մեջ են:
Այսօր ավելի ուշ տարածած հաղորդագրությամբ Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթը նախաձեռնվել և քննվում է Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի («Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը») 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 46(հանցակցություն)-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 435-րդ հոդվածի («Կաշառք ստանալը») 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի, 436-րդ հոդվածի («Կաշառք տալը») 2-րդ մասի 3-րդ կետի և 437-րդ հոդվածի («Կաշառքի միջնորդությունը») 1-ին մասի հատկանիշներով։
Նախաքննության շրջանակում ստացված փաստական տվյալների հիման վրա ՔՕ տարբեր հոդվածքներով մեղադրանքներ են ներկայացվել 8 անձանց, այդ թվում՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց: Նշված բոլոր անձինք ձերբակալվել են:
Մեղադրյալներից 4-ի, այդ թվում երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը՝ 30 մլն դրամի չափով՝ համակցված։ Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, ասված է ՔԿ հաղորդագրությունում:
Արամ Ազատյանի ու նրա տեղակալ Դավիթ Բալասանյանի ձերբակալության մասին հայտնի դարձավ երեկ: «Ազատությունն» այսօր տեղեկացել էր, որ ձերբակալվել է նաև վարչական շրջանի ղեկավարի մյուս տեղակալ Գեղամ Կարապետյանը։
Դեռևս չհաստատված տեղեկություններով՝ գործն առնչվում է պետական գնումներին ու պաշտոնեական դիրքի չարաշահմանը:
Առավել մանրամասն տե՛ս այստեղ