Մատչելիության հղումներ

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը, տեղակալն ու թաղապետարանի մեկ տասնյակ աշխատակիցներ ձերբակալվել են


«Ազատության» տվյալներով՝ ձերբակալվել են Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու տեղակալ Դավիթ Բալասանյանը:

«Ազատության» տեղեկություններով՝ Ազատյանից ու Բալասանյանից բացի ձերբակալվել են նաև թաղապետարանի աշխատակիցներ ու քաղաքացիներ:

Դեռևս չհաստատված տեղեկություններով՝ գործն առնչվում է պետական գնումներին ու պաշտոնեական դիրքի չարաշահմանը:

Արամ Ազատյանն Արաբկիր վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2022-ին, իսկ 2023-ի հոկտեմբերին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է այդ պաշտոնում։

Այսօր ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքում գրել էր, որ քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում՝ առանց մանրամասներ ներկայացնելու։

Կոստանյանը միայն փոխանցել էր, որ հավելյալ ինֆորմացիայի դեպքում քննչական գործողություններ իրականացնող մարմինները հանդես կգան հայտարարությամբ։

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ հաղորդել էր, որ այդ գրասենյակում, ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ, անհետաձգելի քննչական գործողություններ են իրականացվում, կան ձերբակալված անձինք։ Իսկ նախաքննության շահերից ելնելով, ըստ Աբրահամյանի, այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում։

Աբրահամյանը միևնույն ժամանակ նշել էր, որ քննչական գործողություններն իրականացվում են Կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG