Մատչելիության հղումներ

Մինչև 400 հազար դրամ կաշառք՝ վարորդական վկայականի համար. Հակակոռուպցիոնը հաղորդում է տասնյակ դեպքեր բացահայտելու մասին


Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու մի քանի տասնյակ դեպքեր բացահայտելու մասին: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, որպես մեղադրյալ է ներգրավվել շուրջ երեք տասնյակ անձ:

Հաղորդագրության համաձայն՝ «հիմնավորվել է, որ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչ Ս. Կ.-ն, օգտագործելով ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունը, իր մտերիմ Ս. Պ.-ի օժանդակությամբ, վարորդական վկայական ստանալու համար դիմած բազմաթիվ քաղաքացիներից ստացել է տարբեր չափերի կաշառք», «ընդ որում՝ կաշառքի գումարի չափը յուրաքանչյուր անձի դեպքում կազմել է մինչև 400 հազար ՀՀ դրամ»:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թվականի ընթացքում Ս. Պ.-ի օժանդակությամբ Ս. Կ.-ն, վարորդական վկայական ստանալու համար դիմած շուրջ 30 քաղաքացիներից ընդունելով ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ, կազմել է կեղծ փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսացել վարորդական վկայական տրամադրելու համար: Դրա դիմաց ՃՈ տեսուչը նշված բոլոր քաղաքացիներից 2023-ի ընթացքում ընդհանուր առմամբ ստացել է 6,5 միլիոն դրամ կաշառք:

Նշվում է, որ որոշ դեպքերում թեկնածուներն առհասարակ քննության չեն մասնակցել:

«Արդյունքում՝ տեսական և գործնական գիտելիքներ չունեցող բազմաթիվ քաղաքացիներ ապօրինի ստացել են վարորդական վկայականներ և շահագործել տրանսպորտային միջոցներ՝ այդ կերպ վտանգելով ճանապարհային երթևեկությունը», - նշում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

Ս. Կ.-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի («Կաշառք ստանալը») 2-րդ մասի 3-րդ կետով՝ 29 դրվագ, 441-րդ հոդվածի («Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը») 1-ին մասով՝ 15 դրվագ, և 445-րդ հոդվածի («Պաշտոնեական կեղծիքը») 1-ին մասով՝15 դրվագ, իսկ Ս. Պ.-ին՝ 46-435-րդ հոդվածի («հանցակից կաշառք ստանալուն») 2-րդ մասի 3-րդ կետով՝ 29 դրվագ:

Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG