7-ամյա Ալիսան մեկ էլ Ստեփանակերտում է բեմ բարձրացել: Տեղահանումից հետո շատ սպասեցին ու վերջապես մայիսից սկսվեցին Ստեփանակերտի երգի թատրոնի դասերը Երևանում: Դասատուն անփոփոխ է, հրահանգները՝ նույնպես. - «Ժպիտով պետք ա երգենք»:
Վոկալիստ Անահիտ Գաբուզյանն էր թե՛ այնտեղ ու թե՛ այստեղ երգել սովորեցնում։ Արցախցի երեխաները դասերի են հասնում էջմիածնից, Աշտարակից, Հրազդանից:
Ստեփանակերտում դասերը սկսում էին նախապատրաստական վարժություններով, այստեղ Արցախի հիմնով, ձեռքը շտե՞ղ՝ սրտի կողմը, բոլորը գիտեն:
Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգի խումբը գործում է առանց ֆինանսավորման, նվագակցող չունեն, դաշնամուր չկա:
Արցախի պետական ու ոչ պետական համույթները միավորելու ու այսպես ասած վերագործարկելու համար ստեղծվեց Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը։ ղեկավար Ապրես Մարգարյանը շեշտում է՝ եթե նյութական ժառանգության պահպանումը մեր ձեռքում չէ, գոնե ոչ նյութականը պահպանվի, փրկվի։ 11 համույթ արդեն գործում է այստեղ:
Հատկապես, որ շատերը տեղահանման չարչարանքների մեջ, այնուամենայնիվ, կարողացել են տեղափոխել գործիքներ, բեմական հագուստներ, տարազներ։ Խնդիրը խմբերի ֆինանսավորումն է՝ կենտրոնը ձմռան վերջին դրամահավաք էր նախաձեռնել, ընդամենը 4.5 միլիոն հավաքվեց, բայց կան խոստումներ, որոնց Ապրես Մարգարյանը հավատում է:
11 խմբերից միակը, որ ֆինանսավորում է ստանում Հայաստան համահայկական հիմնադրամից Արցախի պարի պետականն է:
Խումբը Արցախում տարեկան 50 համերգ էր տալիս, վերջինը ուղիղ մեկ տարի առաջ Մարտունիում էր, խստապահանջ հանդիսատեսի առջև։
Հյուրախաղերի էին մեկնում Ֆրանսիա, Ուկրաինա, Ռուսաստան, այսօր Ծաղկաձոր էին գնում՝ ճամբարականների համար պարելու։ Վահե Մարգարյանը Եղեգնաձորից է Երևան փորձերի գալիս, լավն այն է, որ պրոֆեսիոնալ պարողը ընտանիքի հոգսը կարողանում է հոգալ սրտի մասնագիտությամբ:
Պարի պետականի 15 տարվա պարող Անդրանիկ Գրիգորյանը տեղահանումից հետո այլ ելք է գտել. - «Կահույք եմ հավաքում, աշխատում եմ «ֆլեշ» բենզակալոնկում ու մշակույթում»:
«Մենք ենք, մեր սարերը» երգի պարի պետական համույթի համերգն այսօր է:
Տոմսերի կեսը վաճառվել է, դահլիճի մյուս կեսը կզբաղեցնեն հրավիրյալները, միայն թե դատարկ չմնա։ Արցախում բոլոր դահլիճները լեփ-լեցուն են եղել բոլոր համերգների ժամանակ, շեշտում է Ապրես Մարգարյանը, հույսով, որ Արցախի խմբերն էլ հանդիսատեսի պակաս չեն ունենա։
Մեծ տեղահանումից օրեր առաջ Ստեփանակերտի փողայինն էր նվագում զբոսանքի դուրս եկած մեծերի ու փոքրերի համար։ Հայաստանում վերագործարկված համույթների ցանկում նրանք չկան։ Գործիքները տեղափոխել չեն կարողացել, նվագախմբի տղաները ցրվել են։