Մատչելիության հղումներ

Բայրամովը պնդել է, որ Հայաստանի սահմանադրությունը խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտն է


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ասել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստում առաջընթաց կա։

«Բաց մնացած հարցերի քանակը զգալիորեն կրճատվել է»,- Թբիլիսիում Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ կայացած մամուլի համատեղ ասուլիսում նշել է նա։

Միաժամանակ նա ասել է, որ Հայաստանի սահմանադրությունում «դեռ մնում են տարածքային պահանջները Ադրբեջանի հանդեպ»։

«Դա մեզ թվում է ամենալուրջ խոչընդոտը գործընթացն ավարտելու ճանապարհին»,- ասել է նա։

Ադրբեջանը չի կարող պահանջ ներկայացնել Հայաստանին՝ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման հետ փոխկապկցելով, այսօր հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ վերահաստատելով Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանում պետք է հաստատվի խաղաղություն։

«Դրան է ուղված թե՛ «Խաղաղության խաչմերուկը», թե՛ մեր մոտեցումները բանակցային պրոցեսին, մենք շատ լուրջ ենք վերաբերվում դրանց՝ առանց որևէ նախապայմանների, և, կարծում եմ, որ միջազգային գործընկերները բազմիցս դա նշում են», - ասաց Հովհաննիսյանը։

Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ ասաց, որ Երևանն այժմ աշխատում է դրանց ուղղությամբ։ Նա դժվարացավ հստակեցնել՝ կողմերը մոտեցե՞լ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, թե ոչ՝ ընդգծելով, որ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ։

Թեև Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է մեկ ասվա ընթացքում խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, Բաքուն նոր թեմաներ է առաջ քաշում՝ պահանջելով Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ, իրավական ակտերում և խորհրդարանի կողմից ընդունված այլ փաստաթղթերում հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG