Գերմանիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում ավարտվեցին խմբային հանդիպումները: Հաջորդ փուլ են անցել 16 ընտրանիներ, շաբաթ օրվանից մեկնարկում են մեկ ութերորդի հանդիպումները:
Լավագույն 16 թիմերի թվում է նաև Վրաստանի հավաքականը, որը հունիսի 27-ին սենսացիոն հաջողության հասավ՝ 2։0 հաշվով պարտության մատնելով ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (1966), Եվրոպայի նախկին փոխչեմպիոն (2004) և նախկին չեմպիոն (2016) Պորտուգալիայի թիմին:
Վրացիները երրորդ տեղից անցան մեկ ութերորդ՝ հայտնվելով խմբերում երրորդ տեղերը գրաված լավագույն ցուցիչներով ընտրանիների շարքում:
Առաջին անգամ երկարատև մարզական կարիերայի ընթացքում Կրիշտիանու Ռոնալդուն Եվրոպայի առաջնության 4 խաղում ոչ մի գոլ չի խփել: Վրաստանի թիմի գոլերը խփեցին Խվիչա Կվարացխելիան՝ 2-րդ րոպեին, և Ժորժ Միկաուտաձեն՝ 57-րդ րոպեին 11-մետրանոցից:
Մեկ ութերորդում վրացիները հունիսի 30-ին խաղալու են այս առաջնության խմբային փուլում թերևս ամենագեղեցիկ ֆուտբոլը ցույց տված իսպանացիների հետ:
Մնացած զույգերն են՝ Գերմանիա-Դանիա, Պորտուգալիա-Սլովենիա, Ֆրանսիա-Բելգիա, Ռումինիա-Նիդերլանդներ, Ավստրիա-Թուրքիա, Անգլիա-Սլովակիա և Շվեյցարիա-Իտալիա:
Կիսաեզրափակիչները տեղի կունենան հուլիսի 9-ին և 10-ին: Պարտված ընտրանիների միջև երրորդ տեղի համար հանդիպում չի նախատեսվում:
Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 14-ին Բեռլինում: