Մատչելիության հղումներ

Գազայի հատվածում երեխաների 7 տոկոսը տառապում է թերսնուցումից


Պաղեստինցի երեխաները հիվանդանոցում, Խան Յունիս, Գազայի հատված, 24 հունիսի, 2024թ.
Պաղեստինցի երեխաները հիվանդանոցում, Խան Յունիս, Գազայի հատված, 24 հունիսի, 2024թ.

Գազայի բժիշկներն այսօր ասել են, որ ցանկանում են ավելի ակտիվ զննել փոքր երեխաներին, քանի որ նրանցից շատերը թերսնուցման հետևանքով ծանր վիճակում են հայտնվել:

Reuters-ի թղթակցի փոխանցմամբ, հինգ տարեկան Ջանա Այադը կշռում է ընդամենը 9 կիլոգրամ:

«Աղջիկս մահանում էր իմ աչքի առաջ», - ասաց նրա մայրը՝ Նասմա Այադը: Երեխան բուժում է ստացել հիվանդանոցում և սկսել է մի քիչ քաշ հավաքել, բայց դեռ շատ նիհար է: Նրա կողոսկրերը վկայում են ծանր առողջական վիճակի մասին:

ՄԱԿ-ի գլխավորած օգնության գործակալությունների խումբը ենթադրում է, որ Գազայի հատվածում երեխաների մոտ 7 տոկոսնն է թերսնված, մինչդեռ, նախքան պատերազմը թերսնվող է համարվել երեխաների 0.8 տոկոսը:

Մասնագետները մտահոգված են, որ սովը կարող է տարածվել կենտրոնական և հարավային շրջաններ, որտեղ կան մեծ թվով փախստականներ:

Գազայի հատվածն ամբողջությամբ շրջափակված է և իսրայելյան բանակի գրոհների հետևանքով՝ մեծավ մասամբ ավերված:

Պատերազմում զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 38 հազարին: Պատերազմը սկսվել է այն բանից հետո, երբ անցյալ տարվա հոկտեմբերին «Համաս» խմբավորման զինյալները հարձակվել են խաղաղ հրեական ավանների վրա, սպանելով մոտ 1200 և պատանդառելով մոտ 250 իսրայելցու:

Մեծ թվով երկրներ անհամաչափ են անվանում Իսրայելի բանակի գործողությունները և վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունից պահանջում են անհապաղ դադարեցնել գրոհները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG