Դաղստանի հարավային Դերբենտ քաղաքում անհայտ անձինք հարձակվել են ուղղափառ եկեղեցու և սինագոգի վրա: Եկեղեցում հարձակվողները սպանել են քահանային՝ ինչպես հայտնել է Դաղստանի Հասարակական դիտորդական հանձնաժողովի նախագահ Շամիլ Խադուլաևը, կտրել են նրա կոկորդը: Հարձակումից հետո սինագոգն այրվել է:
Ռուսաստանյան հանրապետության ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ ժամը 18-ի սահմաններում անհայտ անձինք ինքնաձիգներից գնդակոծել են եկեղեցին և սինագոգը, ինչպես նաև կրակել են ոստիկանական ավտոմեքենաների վրա: Առնվազն մեկ ոստիկան է զոհվել: ТАСС-ը, վկայակոչելով սեփական աղբյուրները, հաղորդում է, որ զոհված ոստիկանների թիվը հասել է երկուսի: Baza-ն էլ հաղորդում է «սինագոգից քաղաքացիական անձի» սպանվելու մասին:
ТАСС-ի հաղորդմամբ՝ կրակոցները շարունակվել են Դերբենտի փողոցներում, քաղաքում փնտրում են սև Lada Vesta ավտոմեքենան:
Ըստ գործակալության՝ հարձակման պահին Դերբենտի եկեղեցում գտնվող մարդկանց հաջողվել է խուսափել ծայրահեղականների հետ բախումից:
Դերբենտին զուգահեռ, անհայտ անձինք հարձակում են կատարել նաև մայրաքաղաք Մախաչկալայում: Նրանք գնդակոծել են Ճանապարհային պարեկային ծառայության հենակետը Երմոշկինի փողոցում, նախնական տվյալներով՝ ոստիկան է վիրավորվել: Այդ փողոցում գտնվող սինագոգը նույնպես այրվում է:
Ըստ Դաղստանի ՆԳՆ-ի՝ հարձակվողների հետ փոխհրաձգության ժամանակ հինգ ոստիկան է զոհվել, ևս ինը՝ վիրավորվել: Հաղորդվում է նաև Մախաչկալայի ուղղափառ եկեղեցու պահակի զոհվելու մասին:
«Ազատության» "Настоящее время" ծրագրի փոխանցմամբ՝ ոստիկանների վրա հարձակվողներից երկուսը սպանվել են, ևս երկուսը ձերբակալվել են: Դաղստանում օպերատիվ շտաբ է ստեղծվել, պարզում են հարձակվողների ինքնությունը, հատուկ գործողություն է իրականացվում մյուսներին հայտնաբերելու և վնասազերծելու համար, հաղորդում է ТАСС-ը:
Դերբենտում և Մախաչկալայում հարձակումների փաստերով քրեական գործեր են հարուցվել ահաբեկչության հատկանիշներով, փոխանցել են հանրապետության Քննչական կոմիտեից: