Մատչելիության հղումներ

«Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել». Հայաստանի ԱԳՆ


Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյան, արխիվ
Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյան, արխիվ

«Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել», - «Ազատությանը» փոխանցեցին Հայաստանի արտգործնախարարությունից:

«Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հրապարակել է հայտարարություն, որում ներկայացված են ՀՀ մոտեցումները, այդ թվում՝ «երկու պետություն» սկզբունքի մասով: Հանրային լրացուցիչ մեկնաբանություն չունենք», - ասացին ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչությունում:

Իսրայելի արտգործնախարարությունը ժամեր առաջ հաղորդել էր, որ Հայաստանի դեսպանին կանչել և բողոք է հայտնել Պաղեստինի պետությունը ճանաչելու դեմ: Ըստ Իսրայելի ԱԳՆ-ի, դեսպան Արման Հակոբյանին «խիստ նկատողություն» են արել պաշտոնական Երևանի կողմից Պաղեստինը ճանաչելու համար:

Հայաստանի արտգործնախարարությունը, փաստորեն, չի հաստատում այդ տեղեկությունը:

Գազայում պատերազմի մեկնարկից հետո մի շարք պետություններ՝ Սլովենիան, Իռլանդիան, Իսպանիան, Նորվեգիան, ճանաչել են Պաղեստինի անկախությունը:

Իսրայելը տարբեր աստիճանի դիվանագիտական քայլերով վերանայել է հարաբերությունները Պաղեստինը ճանաչող երկրների հետ:

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի զինյալներն անսպասելի հարձակվել են հրեական խաղաղ բնակավայրերի վրա:

«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կառույց է համարվում: Այդ գրոհների ընթացքուտմ զինյալները սպանել են մոտ 1200 և պատանդառել են մոտ 250 իսրայելցու:

Իսրայելի բանակի գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 37 հազար պաղեստինցի, այդ թվում՝ հազարավոր կանայք և երեխաներ:

Մեծ թվով պետություններ, ՄԱԿ-ը, իրավապաշտպան ու մարդասիրական միջազգային կազմակերպություններ ոչ համաչափ են որակում Իսրայելի բանակի գործողությունները և պահանջում են անհապաղ դադարեցնել դրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG