Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կհասկանա, որ ՀԱՊԿ պլատֆորմն ընձեռում է բոլոր հնարավորությունները տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերում համագործակցության համար, «Ռիա Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն` արձագանքելով Երևանի հայտարարությանը։
«Հուսով եմ, որ մեր հայ գործընկերները, իսկ մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների համագործակցությունն է, և ՀԱՊԿ-ը տալիս է այդ բոլոր հնարավորությունները», - ասել է Գալուզինը։
Երեկ Երևանը հայտարարեց, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ խորհրդարանում ակնարկեց ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին: «Մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է, բա կարո՞ղ է հետ գնանք», - մասնավորապես հայտարարեց Փաշինյանը:
ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները շարունակում են սրված մնալ։ Դրանք լարվեցին հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, և չբացառեց, որ Հայաստանը կարող է դուրս գալ դաշինքից։
ՀԱՊԿ-ում, մինչդեռ, համարում են, որ Հայաստանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ։