Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայում մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»:
Գագթնաժողովը կազմակերպել է Շվեյցարիան՝ Կիևի նախաձեռնությամբ։ Ուկրաինական խաղաղության գագաթնաժողովին մասնակցում են 100 պատվիրակություն, այդ թվում՝ 57 պետությունների և կառավարությունների ղեկավարներ։ Ռուսաստանն այս միջոցառմանը հրավիրված չէ։
Մոսկվան հայտարարել է, թե այս միջոցառումը «ճանապարհ է դեպի ոչ մի տեղ» և որևէ կերպ չի նպաստի խաղաղության հաստատմանը:
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանը նախորդ սեպտեմբերին առաջին անգամ հումանիտար օգնություն ուղարկեց Ուկրաինա։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ուկրաինայի հետ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Մոսկվան ի գիտություն ընդունեց Երևանի դիրքորոշումը։
Սեպտեմբերի 6-ին Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը Կիևում մասնակցեց «Առաջին տիկնանց և պարոնների երրորդ գագաթնաժողովին», իսկ Մալթայում հոկտեմբերին կայացավ Ուկրաինայում խաղաղության հաստատմանը նվիրված երրորդ համաժողովը, որին մասնակցեցին 65 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ առաջին անգամ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։