Մատչելիության հղումներ

Երևանն առաջարկում է Բաքվին հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորել


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Երևանն առաջարկում է Բաքվին հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորել։ Այդ մասին այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կապանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին։

Անդրադառնալով վերջին օրերին հրադադարը խախտելու Բաքվի մեղադրանքներին՝ Հայաստանի վարչապետը, մասնավորապես, նշել է, որ այդ տեղեկությունները երկու բանի մասին կարող են վկայել՝ «մի դեպքում, որ իրոք կա հրադադարի ռեժիմի խախտում, մյուս դեպքում, որ այդ տեղեկատվությամբ փորձ է արվում էսկալացիա, կամ էսկալացիայի ֆոն ստեղծել»։

«Թե՛ առաջինը, թե՛ երկրորդը մեր քաղաքական կամքը չէ, ՀՀ ՊՆ-ն հերքում է այդ տեղեկատվությունը։ Կարծում եմ, որ այս իրավիճակը որոշակի հասցեգրման կարիք ունի, և որպեսզի մենք կարողանանք պարզել ճշմարտությունը ոչ միայն միակողմանի այլև միջազգային հանրության համար, կարծում եմ, որ վատ գաղափար չի լինի, որ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորենք Ադրբեջանի հետ, և ես կարող եմ այդ առաջարկությամբ հանդես գալ», - հայտարարեց Փաշինյանը՝ շեշտելով՝ քաղաքական կամքի և պայմանավորվածության դեպքում մեխանիզմը դժվար չէ գործարկել և սա կարելի է անել երկրների ղեկավարների հանձնարարությամբ համապատասխան մարմիններին։

Վերջին մոտ մեկ շաբաթվա ընթացքում Բաքուն հայկական կողմին պարբերաբար մեղադրում է Նախիջևանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերին կրակելու համար։ Հայաստանի ՊՆ-ն հերքում է այս պնդումները՝ դրանք ապատեղեկատվություն որակելով։

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ սահմանին որևէ արտառոց շարժում կամ միջադեպ չի արձանագրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG