Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր միաձայն որոշմամբ հաստատել է, որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունն արգելափակելու Ադրբեջանի կառավարության որոշումը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի խախտում է։
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝ «Ազադլիք»-ը, արգելափակվել է 2017 թվականին Բաքվի դատարանի վճռից հետո, որ լրատվամիջոցին մեղավոր է ճանաչել «բռնություն և կրոնական ծայրահեղականություն քարոզող բովանդակություն, զանգվածային անկարգությունների կոչ» հրապարակելու համար:
Չորս այլ լրատվամիջոցներ anaxeber.az, 24Saat.org, az24saat.org և xural.com, որոնց ևս ադրբեջանական իշխանությունները մեղադրել են «կեղծ, ապակողմնորոշիչ և զրպարտչական տեղեկություններ» հրապարակելու մեջ, միացել են «Ազատություն» ռադիոկայանն ընդդեմ Ադրբեջանի գործին։
Հայցվորները մասնավորապես պնդել են, որ իրենց կայքերի զանգվածային արգելափակումը «ծայրահեղ» որոշում է, հիմնական պատճառն էլ՝ Ալիևի վարչակազմի հասցեին իրենց քննադատությունն ու կոռուպցիայի մասին հաղորդումները:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության արգելափակումը հաջորդեց նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների և նրա մերձավոր շրջապատի հետ կապված ֆինանսական գործունեության մասին լրատվամիջոցի մի շարք հետաքննական հոդվածներին։
Իր վճռում ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել է հայցվորներին 6000-ական եվրոյի փոխհատուցում վճարել։