Մատչելիության հղումներ

Վարարած գետը քշել տարել է Քարկոփի՝ նոր տեղադրված հետիոտնային ժամանակավոր կամուրջը


Հետիոտնային կամուրջը՝ փլուզումից հետո, 11-ը հունիսի, 2024թ․
Հետիոտնային կամուրջը՝ փլուզումից հետո, 11-ը հունիսի, 2024թ․

Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ի ջրհեղեղից տուժած Քարկոփ գյուղի հետիոտնային ժամանակավոր կամուրջը կրկին փլուզվել է։

Բնակիչներն «Ազատության»-ը պատմեցին, որ գիշերն անձրևներից վարարած գետը քշել տարել է նոր տեղադրված կամուրջը։ Տեղացիների վկայությամբ, կամուրջը գետից մոտ 1-1․5 մետր բարձր էր, գետն այդքան բարձրացել ու քշել է այն։

Կամրջի վրայով էր անցնում նաև Քարկոփի ջրատարը, որը մայիսի 26-ի ջրհեղեղից հետո էր անցկացվել, այժմ այդ ջրատարն էլ չկա, Քարկոփը դարձյալ ջրազրկված է։ Աշխատանքներ են տարվում ջրագծի վերականգնման ուղղությամբ, մինչ այդ հարևան Ճոճկան գյուղից մոտ կես տոննայանոց ցիստեռնով խմելու ջուր են բերել՝ Քարկոփի բնակիչների համար։

Այս կամուրջն ուղիղ կապ էր Մ6 միջպետական ճանապարհից դեպի հեղեղված Քարկոփ, իսկ այլընտրանքային ճանապարհը գտնվում է այստեղից 5 կմ հեռու։

Գյուղում գազ, հոսանք կա, ջուրը խոստանում են այսօր վերականգնել, սակայն վերականգնված չէ կոյուղու համակարգը, այդ պատճառով դեռ նախորդ հեղեղից հարևան գյուղեր տեղահանվածները Քարկոփ չեն վերադարձել։

Մայիսի լույս 26-ի գիշերը Դեբեդի վարարման հետևանքով հեղեղումները մեծ ավերածությունների պատճառ են դարձել երկու մարզերում։ Լոռու մի շարք գյուղերում և քաղաքներում արտակարգ իրավիճակ ստեղծվեց։ Փլուզվել են ճանապարհեր, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Քանդվել են կամուրջներ, տները լցվել են ջրով։ Հաղորդվել է 4 զոհի մասին։ Աղետի գոտու բնակիչների կրած վնասի փոխհատուցման մեխանիզմներ դեռ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG