Մատչելիության հղումներ

Քաղաքացիները երեք ամսում ոչ թե ընտելացել են էլեկտրոնային դեղատոմսին, այլ՝ մոռացել դրա մասին


Դեղատուն Երևանում, մարտ, 2024թ.
Դեղատուն Երևանում, մարտ, 2024թ.

Արդեն չորորդ ամիսն է՝ ուժի մեջ է շուրջ 500 դեղ միայն էլեկտրոնային դեղատոմսով վաճառելու մասին օրենքը, որն առողջապահության նախարարը խիստ անհրաժեշտ է համարում:

Օրենքի ընդունումից օրեր անց Անահիտ Ավանեսյանն ասել էր՝ պետք է ժամանակ տալ, որ մարդիկ ընտելանան նոր համակարգին. - «Ցանկացած համակարգ ներդնելուց որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի բոլոր օղակները սկսեն համահունչ աշխատել, և մեր բոլոր օղակների աշխատողներն էլ փորձում են հնարավորինս սահուն կազմակերպել գործընթացները»:

«Ազատության» շրջայցը, սակայն, ցույց տվեց, որ ժամանակի ընթացքում ոչ թե ընտելացել, այլ՝ մոռացել են օրենքի մասին: Մեր այցելած հինգ դեղատներից միայն մեկում հարցրին՝ «օնլայն դեղատոմս ունե՞ք», այստեղ էլ բացասական պատասխանը չխանգարեց, որ դեղն ի վերջո գնենք:

Եթե դեղատները ստուգող տեսչական մարմինն անցներ այս դեղատներով, ապա առանց դեղատոմսի վաճառված յուրաքանչյուր դեղի համար կտուգաներ 5000 դրամով: Այսինքն՝ եթե, օրինակ, դեղատունը մեկ օրում, առանց օնլայն դեղատոմսի 100 տեսակի դեղ է վաճառել, ապա միանգամից կտուգանվի կես միլիոն դրամով:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնյան ասում է՝ օրենքն իրենց արգելում է առանց ահազանգի մտնել դեղատուն ու ստուգում սկսել: Բաց է մնում հարցը՝ ումի՞ց են ահազանգ սպասում՝ առանց դեղատոմսի դեղ գնողի՞ց, թե՞ վաճառողից: Հստակ է միայն, որ իրականում ստուգման համար ամենևին էլ պարտադիր չէ, որ տեսուչն անձամբ դեղատուն գնա՝ կառույցին հասանելի է ArMed համակարգին միացած դեղատների վաճառքի ինֆորմացիան, տեղեկություն են ստանում նաև Պետական եկամուտների կոմիտեից, թե որ դեղատունը որքան դեղ ունի ու դրանցից որ մասն է դեղատոմսով վաճառքի ենթակա:

Հայաստանում 1985 դեղատուն կա: Օրենքի ընդունումից մինչև այս պահը տեսչականն առանց օնլայն դեղատոմսի դեղ վաճառելու համար ընդամենը յոթ դեղատուն է տուգանել:

Մինչ օրենքը շրջանցվում է, Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը շարունակում է ահազանգել՝ որոշ դեղամիջոցների, մասնավորապես՝ հակաբիոտիկների չարաշահման հետևանքով վիրուսային շատ հիվանդությունների դեմ այդ դեղերը դառնում են անզոր: Միայն Եվրոպայում տարեկան ավելի քան 35 հազար մարդ է մահանում դեղակայուն վարակներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG