Ուկրաինային մատակարարվող ամերիկյան զենքը չի օգտագործվի Մոսկվային և ընդհանրապես Ռուսաստանի խորքում տարածքներին հարվածելու համար, քանի որ ԱՄՆ-ը Կիևին նման թույլտվություն չի տվել։ Այս մասին ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Ջո Բայդենը։
Հարցազրույցը ձայնագրվել է այսօր Ֆրանսիայում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայի դեմ պայքարում դաշնակից զորքերի ափհանման 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։
Լրագրողը նախագահ Բայդենին մասնավորապես հարցրել է, թե արդյոք ուկրաինական բանակն արդեն օգտագործել է ամերիկյան զենքը Ռուսաստանին հարվածելու համար, այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը մասնակի վերացրել է սահմանափակումները։ Ըստ ամերիկյան մի շարք լրատվամիջոցների՝ նման հարվածներ արդեն հասցվել են։
Սպիտակ տան ղեկավարը հարցին ուղիղ չի պատասխանել, բայց շեշտել է , որ այդ զենքերը չեն կիրառվի «Մոսկվային և Կրեմլին» և «200 մղոն խորությամբ ռուսական տարածքին» հարվածելու համար։ Ջո Բայդենը ուղիղ չի չպատասխանել նաև այն հարցին, թե արդյոք իրեն մտահոգում են Պուտինի հայտարարությունը, ըստ որի Ռուսաստանը պատրաստ է զինել ԱՄՆ թշնամիներին՝ որպես «ասիմետրիկ պատասխան» ռուսական տարածքին հարվածելու Ուկրաինային թույլտվություն տալու համար։
Սպիտակ տան ղեկավարն ասել է՝ Պուտինին գիտի որպես «անազնիվ մարդ», որի գործողություններով մտահոգված է արդեն երկար ժամանակ: