Բաքուն դրական զարգացումներ է արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի առաջարկներում՝ առանց մանրամասնելու, թե նախագծի որ կետերին է վերաբերում առաջընթացը։
Երեքշաբթի օրը Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացրեց, որ պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը։ Ի պատասխան՝ երեկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց. - «Որոշ կետերում դրական դինամիկա ենք նկատում, ավելի քիչ հարցեր են բաց մնում»։
Հայաստանի արտգործնախարարությունն առայժմ չի արձագանքել Բաքվից հնչող լավատեսական այս գնահատականներին։ Տեղեկատվության պակասի պատճառով վերլուծաբանները դժվարանում են ասել , թե ինչ դրական դինամիկայի մասին է խոսքը:
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանն ընդգծում է՝ դատելով հրապարակային տեղեկատվությունից, գլխավոր հարցերի շուրջ, մասնավորապես՝ Ալմա-Աթայի հռչակագրին հղումը փաստաթղթում որպես սկզբունք ամրագրելու, ինչպես նաև ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում տարաձայնությունները շարունակում են չլուծված մնալ։
«Թե դռների հետևում ինչ են քննարկում, ինչ են պայմանավորվել, դժվար է ասել», - «Ազատության» հետ զրույցում նշեց Գրիգորյանը:
Ի դեպ, ըստ Տիգրան Գրիգորյանի, վերջին ամիսներին Երևանն ու Բաքուն քննարկում են, թե հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և ճանապարհների վերահսկողության ինչ փոխընդունելի տարբերակ կարող են գտնել։ Եվ այժմ, ըստ քաղաքագետի, քննարկվում է օտարերկրյա մասնավոր մի ընկերության կողմից վերահսկողություն իրականացնելու հնարավորությունը. - «Քննարկվում է, օրինակ, ինչ-որ մասնավոր ընկերության կողմից այդ վերահսկողությունը իրականացնելու տարբերակը: [...] Ողջ իմաստն էլ այդ է, որ օտարերկրյա լինի, քանի որ Ադրբեջանը պնդում է, որ պարզեցված ռեժիմ պետք է լինի այդ կոմունիկացիայի վրա, և որ ադրբեջանցի ուղևորները կամ բեռնատարները չպետք է առնչվեն հայ սահմանապահների հետ այնտեղ»:
«Վերջին շրջանում նկատվում է, որ Ադրբեջանի նախագահի հռետորաբանության մեջ որոշակի մեղմացում կար այս հարցում, այսինքն՝ եթե նախկինում հայտարարում էր, որ Հայաստանը ուզի-չուզի՝ այդ ճանապարհը կամ կոմունիկացիան կտա, որ Հայաստանը պետք է հարգի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ռուսական ներկայություն է պետք, իր վերջին հայտարարություններում արդեն շեշտադրումները ավելի մեղմ են՝ նա մասնավորապես նշում է, որ եթե Հայաստանը չի ցանկանում ռուսական ներկայություն, կարելի է քննարկել այլ տարբերակներ», - նշեց Գրիգորյանը՝ հավելելով. - «Ես գիտեմ, որ վերջին ամիսների ընթացքում քննարկվում է, օրինակ, ինչ-որ մասնավոր ընկերության կողմից այդ վերահսկողությունը իրականացնելու տարբերակը: Միգուցե այդ հարցի շուրջ են ընթանում, օրինակ, բանակցությունները»:
Բաքուն տևական ժամանակ պահանջում է Սյունիքով ճանապարհ՝ առանց մաքսային հսկողության և առանց ստուգումների։ Այսինքն, ըստ Բաքվի, Նախիջևանից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ Հայաստանի տարածքով անցնելիս ադրբեջանցիները չպետք է որևէ շփում ունենան հայ սահմանապահների հետ, իսկ վերահսկողությունն էլ պետք է իրականացնի ռուսական կողմը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։
Հայաստանը, մինչդեռ, պնդում է՝ կոմունիկացիաները պետք է վերաբացվեն, բայց՝ հարգելով ճանապարհների նկատմամբ երկրի ինքնիշխանության սկզբունքը։
Հնարավո՞ր է, որ Բաքվի մատնանշած առաջընթաց վերաբերում է հենց այս հարցին, և կողմերը Սյունիք-Նախիջևան ճանապարհի վերահսկողության հարցում փոխըմբռնման են եկել:
«Որևէ տեսակետ չունեմ դրա վերաբերյալ, քանի որ ինֆորմացիա գոյություն չունի: Բայց եթե քննարկում ենք կոմունիկացիայի հարցը, ես գիտեմ, որ մոտավորապես այդ տարբերակներն են քննարկվում վերջին ամիսների ընթացքում: Ամեն դեպքում, իշխանությունների տեսանկյունից դա ավելի ընկալելի տարբերակ է երևի, որովհետև եթե հասնեն այդպիսի լուծման, կարող են սա ներկայացնել որպես ինչ-որ հաղթանակ Ռուսաստանի հետ դիմակայության մեջ, որ չկա ռուսական ներկայություն, օրինակ», - ասաց Տիգրան Գրիգորյանը՝ ընդգծելով. - «Բայց Հայաստանի համար մեծ տարբերություն չպիտի լինի, թե որ երրորդ կողմն է վերահսկում այդ կոմունիկացիան, երբ գոյություն չունի Լեռնային Ղարաբաղ, երբ գոյություն չունի Լաչինի միջանցք, չկա նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Սա վստահաբար միակողմանի զիջում կլինի, եթե նույնիսկ այդ տարբերակով լուծման գան, և հատկապես եթե չլինի այդ փոխադարձության սկզբունքը, այսինքն՝ եթե նույն կարգավորումները չգործեն Ադրբեջանի տարածքում, իսկ ես վստահ եմ, որ այդ կարգավորումները, իհարկե, չեն գործելու Ադրբեջանի տարածքում»:
Հայաստանի արտգործնախարարությունն առայժմ չի հաստատել՝ արդյոք Ադրբեջանի հետ քննարկվում է Սյունիք - Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը մասնավոր օտարերկրյա ընկերությանը պատվիրակելու հարցը։ Հստակ չէ նաև, թե այդ դեպքում ինչ իրավական ռեժիմ կգործի այնտեղ, կողմերը բանակցային դետալները չեն բացահայտում։
«Մենք առաջարկել ենք, ասել ենք՝ եկեք, օրինակ, սահմանի վրա մաքսային և սահմանապահ ծառայությունները Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար Հայաստանը և Ադրբեջանը արտապատվիրակեն». - ճանապարհի վերահսկողությունը մասնագիտացված կազմակերպությանը արտապատվիրակելու առաջարկի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր դեռևս երկու տարի առաջ՝ 2022-ին, մի քանի ուղղությամբ Հայաստանի վրա Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումից օրեր անց։
«Այսինքն, դուք գիտեք, որ հիմա Եվրոպայում էլ կան երկրներ, որ իրենց մաքսային հսկողություն իրականացնում են ոչ թե մաքսային պետական ծառայությունը, այլ մասնագիտացված կազմակերպությունների են պատվիրակում՝ իրանք են էդ գործառույթը իրականացնում: Նույնը կարելի է անել սահմանային հսկողության դեպքում։ Սա՝ մի կոմպոնենտ: Ադրբեջանը, մեզ համար պարզ չէ էդքան էլ՝ համաձա՞յն է սրան, եթե համաձայն է, մենք կարող ենք գնալ էդ լուծմանը», - հայտարարել էր վարչապետը:
Թե Փաշինյանի՝ դեռ երկու տարի առաջ հնչեցրած այս առաջարկի շուրջ կողմերը ինչ հանգուցալուծման եկել, պաշտոնապես չի հաղորդվել։
Բաքուն Նախիջևանի հետ ցամաքային անխոչընդոտ կապից բացի խաղաղության պայմանագրի ստորագրման համար նախապայման է համարում նաև Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Երեկ Ադրբեջանի արտգործնախարարը դարձյալ պնդել էր, թե Հայաստանի մայր օրենքը տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանին՝ արձագանքելով Հայաստանի արտգործնախարարի հայտարարությանը, թե բանակցային օրակարգում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարց չկա։
Պաշտոնական Երևանը երկրորդ օրն է չի արձագանքել Բայրամովի այս հայտարարությանը: