Մատչելիության հղումներ

Լոռու և Տավուշի մարզերում վնասների գույքագրման աշխատանքները շարունակվում են․ նախարար


Ալավերդի, 26-ը մայիսի, 2024թ․
Ալավերդի, 26-ը մայիսի, 2024թ․

Շարունակվում են Լոռու և Տավուշի մարզերում հեղեղներից հետո վնասների գույքագրման աշխատանքները, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Բագրատաշեն-Ալավերդի-Վանաձոր երթևեկությունը լիարժեք վերականգնված է, բենզինի, դիզվառելիքի ներմուծման հարցը լուծված է, մաքրման աշխատանքները միայն Քարկոփում են շարունակվում, մնացած հատվածներում 90-95 տոկոսով ավարտվել են։

Սանոսյանն էլ նշեց, որ էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը, գազամատակարարումը գրեթե 90 տոկոսով վերականգնված են, միայն որոշ հատվածներում կան խնդիրներ, աշխատանքները շարունակվում են։

«Մ6 ճանապարհը երեկվանից բացել ենք։ Մ6 և Մ4 ճանապարհները փաստացի աշխատում են, միայն վնասված հատվածներ կան փորձել ենք կահավորել, բայց պետք է խնդրենք մեր վարորդներին զգուշությամբ ճանապարհն անցնել», - ասաց նախարարը՝ նշելով, որ նաև 4 ժամանակավոր կամուրջներով վերականգնվել է ավտոմոբիլային կապը որոշ համայնքների հետ։

Մայիսի լույս 26-ի գիշերը Դեբեդի վարարման հետևանքով հեղեղումները մեծ ավերածությունների պատճառ են դարձել երկու մարզերում։ Լոռու մի շարք գյուղերում և քաղաքներում արտակարգ իրավիճակ ստեղծվեց։ Փլուզվել են ճանապարհեր, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Քանդվել են կամուրջներ, տները լցվել են ջրով։ Հաղորդվել է 4 զոհի մասին։ Աղետի գոտու բնակիչների կրած վնասի փոխհատուցման մեխանիզմներ դեռ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG