Մատչելիության հղումներ

Գալուզինի պնդմամբ՝ «Հայաստանում ԵՄ դիտորդները լրտեսական գործունեությամբ են զբաղված»


ԵՄ դիտորդները և եվրախորհրդարանականները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, արխիվ
ԵՄ դիտորդները և եվրախորհրդարանականները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, արխիվ

«Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդները ոչ թե պաշտպանում են այդ երկրի սահմանները, այլ զբաղված են Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ», - ТАСС գործակալության հետ զրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ «այն ռիսկերից շատերը, որոնց հիմա բախվում է Հայաստանը, կարելի կլիներ չեզոքացնել, եթե Երևանը համաձայներ իրականացնել ՀԱՊԿ հովանու ներքո նախատեսված և իրավիճակի կայունացմանը միտված գործողությունների ծրագիրը»։

Այդ ծրագիրն, ըստ Գալուզինի, ռազմատեխնիկակական աջակցություն էր նախատեսում, ինչպես նաև մոնիտորինգային առաքելության տեղակայում և սահմանապահ զորքերի մարզումներ։

ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։

2023-ի փետրվարի 20-ին Եվրամիության դիտորդական առաքելության 100 դիտորդներ ժամանեցին Հայաստան՝ «նպաստելու սահմանամերձ շրջաններում կայունությանը, ինչպես նաև աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար միջավայրի ստեղծմանը»։ Առաքելության մանդատը երկու տարի է։ Դեկտեմբերի վերջին ԵՄ խորհուրդը ընդլայնեց Հայաստանում իր դիտորդական առաքելությունը՝ դիտորդների թիվը հասցնելով 209-ի: Առաքելությունն իր լիարժեք գործառույթներն իրականացնում է 6՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու և Իջևանի գրասենյակներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG