Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ նաև ըննդիմադիր Արծվիկ Մինասյանի հարցին, թե ի՞նչ է անում իշխանությունն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքն ապահովելու համար:
Միրզոյանը հարցրեց, թե ընդդիմությունն ինչպե՞ս է պատկերացնում այդ վերադարձը, ի՞նչ պայմաններով, արդյո՞ք այն պայմաններով, որոնք Բաքուն է առաջարակում, թե՞ ինքանավարություն Ադրբեջանի կազմում, թե՞ անկախ Լեռնային Ղարաբաղ:
«Եթե դա անկախ Լեռնային Ղարաբաղ է, կամ այն ստատուս քվոն, որ կար 2019 -ին, դուք պատրա՞ստ եք դա անել առնվազն 4 հազար զոհի գնով: Դուք առաջարկում եք պատերա՞զմ, թե ինչպես ձեր վարչապետի հերթական թեկնածուն է ասում՝ զինվորականները պետք է մեռնեն, դա էլ իրենց գործն է»:
Արծվիկ Մինասյանն արձացանքեց՝ միջազգային երաշխիքներով և որոշակի ինքնավարության աստիճանով Արցախի ժողովուրդը պետք է վերադառնա՝ ապրելու իր հայրենիքում:
Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասաց. - «Ասում եք՝ Ղարաբաղի ինքանավարություն, հրաշալի է, բացի նրանից, որ Դուք հիմա դա ասում եք էն պահին, երբ Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չկա: Երբ Լեռնային Ղարաբաղում հայեր կային և մենք առաջարկում էինք իջեցնել նշաձողը անկախությունից, մեզ ասում էին՝ դավաճան, թրքաբարո, թուրք, պիղծ»:
Անցած տարվա սեպտեմբերին ադրբեջանական բանակը հարձակվեց Արցախից մնացած մասի վրա, որի հետևանքով Արցախն ամբողջովին հայաթափվեց՝ ավելի քան 100 հազար էթնիկ հայեր բռնի տեղահանվեցին Հայաստան։