Մատչելիության հղումներ

Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովին ԱՄՆ-ից ներկա կլինեն Քամալա Հարիսը և Ջեյք Սալիվանը


ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, արխիվ
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, արխիվ

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հունիսի 15-ից 16-ը կմասնակցեն Շվեյցարիայում Ուկրաինայի խաղաղության հարցով միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Փոխնախագահ Հարիսը հունիսի 15-ին կմեկնի Շվեյցարիա՝ Լյուցերն, մասնակցելու Ուկրաինայում խաղաղության գագաթնաժողովին, միջոցառմանը կմասնակցի նաև Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը»,- նշվում է Սպիտակ տան հրապարակած հաղորդագրությունում:

Համաժողովում Հարրիսը կընդգծի Վաշինգտոնի հանձնառությունը՝ «սատարելու Ուկրաինայի ջանքերին՝ ուղղված Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների վրա հիմնված արդար և կայուն խաղաղության հաստատմանը»։

Շվեյցարիայի իշխանությունները հունիսի 15-16-ը Բյուրգենշտոկի հանգստավայրում են կազմակերպելու այդ միջազգային համաժողովը: Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը (նախարարությունը) հայտնել էր, որ Բեռնը հրավիրել է ավելի քան 160 պատվիրակությունների, այդ թվում՝ «Մեծ 7-ից», «Մեծ 20-ից», և ԲՐԻԿՍ-ի երկրներից։ Ըստ շվեյցարական իշխանությունների՝ Ռուսաստանն այդ միջոցառմանը հրավիրված չէ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի փոխանցմամբ, այս միջոցառումը «ճանապարհ է դեպի ոչ մի տեղ» և որևէ կերպ չի նպաստի խաղաղության հաստատմանը:

Նրա խոսքով, Ռուսաստանը չի տեսնում Արևմուտքի կողմից «բիզնեսն ազնվորեն վարելու ցանկություն»։ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս ընդգծել է, որ Մոսկվան չի հրաժարվում Կիևի հետ հակամարտության խաղաղ կարգավորումից:

Միաժամանակ Ռուսաստանը պահանջում է, որ Արևմուտքը դադարեցնի ռազմական օգնությունն Ուկրաինային, պնդում է, որ Ուկրաինան պետք է դադարեցնի ռազմական գործողությունները և հաշվի առնի ստեղծված իրողությունները: Կիևը և Արևմուտքն այդ նախապայմաններն անընդունելի են համարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG