Մատչելիության հղումներ

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին


Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որն այսօր մեկնարկում է Ալմաթիում, ՏԱՍՍ-ին ասել է կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։

«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, սակայն հայկական կողմը մեզ տեղեկացրել է, որ դեմ չէ սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունմանը», - ասել է Շուվալովը։

Նա պարզաբանել է, որ սահմանափակ ձևաչափ նշանակում է «առանց Հայաստանի մասնակցության»։

  • Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
  • Երևանն ի պատասխան մերժել է սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է՝ չբացառելով, որ Հայաստանը կարող է դուրս գալ դաշինքից։
  • Վարչապետ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ առնվազն երկու երկիր գիտի, որ մասնակցել են 2020 -ի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։ Հայաստանի վարչապետի՝ խորհրդարանի ամբիոնից հնչեցրած այս հայտարարությանն ի պատասխան՝ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը հորդորեց այդ երկու երկրի անունը հստակ հնչեցնել։
  • Ռազմական դաշինքին հետխորհրդային վեց երկիր է անդամակցում՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG