Մատչելիության հղումներ

ԵՄ ևս մեկ երկիր՝ Սլովենիան, ճանաչեց Պաղեստին պետությունը


Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոն, արխիվ
Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոն, արխիվ

Սլովենիայի կառավարությունը ճանաչեց Պաղեստինի պետության անկախությունն ու ինքնիշխանությունը: Այդ մասին այսօր հայտարարել է Սլովենիայի արտգործնախարարությունը։ Որոշումը վերջնական պետք է հաստատի Սլովենիայի խորհրդարանը, ակնկալվում է, որ դա տեղի կունենա առաջիկա օրերին։

Սլովենիայի արտգործնախարար Տանյա Ֆայոնը որոշումն անվանել է պատմական քայլ և համոզմունք հայտնել, որ Պաղեստինի անկախության ճանաչումը իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղ գոյակցության միակ ճանապարհն է:

«Իսրայելցիներն ու պաղեստինցիներն իրավունք ունեն իրենց երեխաներին մեծացնել խաղաղ, անվտանգ և բարգավաճ պայմաններում իրենց իսկ պետություններում», - հայտարարել է սլովենացի պաշտոնյան՝ կոչ անելով ԵՄ անդամ դաշնակիցներին նույնպես հետևել Լյուբլյանայի օրինակին:

Անցած օրերին Պաղեստին պետության ճանաչման մասին հայտարարել են ևս երեք եվրոպական երկրներ՝ Նորվեգիան, Իսպանիան և Իռլանդիան։ Իսրայելն ի պատասխան հետ է կանչել իր դեսպաններին Օսլոյից, Դուբլինից և Մադրիդից։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն որոշումներն անվանել է «պարգև ահաբեկչության համար» և պնդել , որ Պաղեստինի անկախության ճանաչումը չի կաշկանդի Իսրայելին՝ հասնելու Գազայի հատվածում լիակատար հաղթանակի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG