Եթե Տավուշի սահմանազատված հատվածի հողատարածքները չեն մտնում Հայաստանի դե յուրե տարածքի մեջ, ինչպե՞ս են մարդիկ ստացել սեփականության վկայական: Մարդու իրավունքների պաշտպանն այս հարցի պատասխանը չի փորձել ստանալ, Անահիտ Մանասյանը բացատրում է՝ մանդատն այդքան լայն չէ:
«Ոչ բոլոր հարցերի հետ կապված ենք մեր ուսումնասիրություններն իրականացնում, և այս պարագայում մեր ուսումնասիրությունը կենտրոնացել է մարդկանց իրավունքների, կոնկրետ իրավունքի պաշտպանության վրա, մասնավորապես՝ իրենց փոխհատուցում տրամադրելու դիտանկյունից», - ասաց Մանասյանը:
Սահմանազատվող հատվածներում գույք կորցնող քաղաքացիները փոխհատուցում կստանան՝ Կառավարությունը խոստացել է, որոշում է ընդունել։ Սակայն Կիրանցում ոչ բոլորի համար է ընդունելի կորցրած գույքի դիմաց փոխհատուցում ստանալու գործադիրի առաջարկը:
«Ես կորցրել եմ եղբայրներ էս հողերը պահելու համար, ես շատ խստիվ ձևով... չեմ ուզում, էս փոխհատուցում բառը ես չեմ ուզում լսեմ...», - ասում էր գյուղի բնակիչներից մեկը:
Արդյոք փոխհատուցումից հրաժարվող մարդկանց մտահոգությունները ծանոթ են պաշտպանին: Հարցին Անահիտ Մանասյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց:
«Իմ տարածքային ստորաբաժանման ղեկավարը անընդհատ կապի մեջ է քաղաքացիների հետ, մենք փորձում ենք ուշադրության կենտրոնում պահել խնդիրը: Այս պահին, քանի որ ես չեմ, այսպես ասած, ինֆորմացիայի հիմնական տնօրինողը, ես հրապարակային դրա վերաբերյալ հանդես չեմ գա, որովհետև նաև խորհրդապահության ինստիտուտը կա մեր գործունեության պարագայում քաղաքացիներին վերաբերելի հարցերում, ես չունեմ նրանցից համաձայնություն՝ նշված խնդրի վերաբերյալ խոսելու», - ասաց Պաշտպանը:
Տավուշի սահմանազատված հատվածում մարդկանց մտահոգող խնդիրներին այսպես արձագանքելուց հետո Մարդու իրավունքների պաշտպանը, որը սահմանազատման փուլում Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր որևէ այց, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, չի ունեցել, այսօր տարակուսեց՝ ի՞նչ են մարդիկ ակնկալում իրենից, և ինչո՞ւ են հնչում դժգոհություններ. - «Կոնկրետ կասե՞ք, օրինակ, որ հարցի վերաբերյալ ինչ պիտի անենք և չենք անում, ես ձեզ պատասխանեմ այդ հարցերին»:
Լրագրողները հիշեցրին վերջին օրերի ակցիաների ընթացքում տեղի ունեցած միջադեպերը՝ ինչպես էին իրավապահները հարվածում պատգամավորին, վնասվածքներ հասցնում քաղաքացիներին, Սարդարապատում էլ շղթայի մեջ էին առել Ամենայն Հայոց կաթողիկոսին: ՄԻՊ-ը վրդովվեց՝ չէ՞ որ ակցիաների ընթացքում ոստիկաների գործողությունները դատապարտող հայտարարություն են տարածել։ Երկու օր է անցել, բայց Կաթողիկոսի հետ կապված միջադեպով էլ զբաղվում են:
«Նախ պետական մարմիններից ենք պարզաբանումներ պահանջել, որպեսզի հասկանանք, թե խնդիրը ինչում է կայացել: Բայց ես ինքս նաև պատրաստվում եմ խոսել եկեղեցու հետ՝ հասկանալու համար ընդհանուր խնդիրները», - նշեց Պաշտպանը:
Անահիտ Մանասյանը խորհրդարանում մասնակցում էր բյուջեի կատարողականի քննարկմանը: Ընդդիմությունը ներկա չէր, իսկ իշխանական պատգամավորներն գովում էին Մանասյանին, նաև մտահոգություններ հնչեցրին՝ ինչ անել, որպեսզի ոստիկաններին պաշտպանեն ցուցարարներից: