Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Հանրապետության օրը


Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 106-րդ տարեդարձն է:

Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

«Կենսունակ լինել նշանակում է ի վիճակի լինել պահպանել և զարգացնել պետականությունը, ինքնությունը»

Կենսունակ լինել նշանակում է ի վիճակի լինել պահպանել և զարգացնել պետականությունը, ինքնությունը, արժեքները, ի վիճակի լինել կառուցել ազատություն, անվտանգություն, բարեկեցություն, հայտարարել է վարչապետը:

«Հանրապետությունն այն մասին է, որ ժողովուրդը սեփական ճակատագիրը տնօրինելու, ինքն իր ապրելու կանոնները սահմանելու և դա անելու ինքնիշխանությունը սերնդեսերունդ փոխանցելու հայտ է ներկայացնում: Սա չափազանց հավակնոտ և պատասխանատու առաքելություն է, որը հնարավոր չէ իրականացնել, եթե պետության հիմնադրմամբ նրա հարատևությունն ապահովելուն ուղղված մտածողության նոր բանաձևեր չեն ձևավորվում:

Առաջին Հանրապետությունը չունեցավ այսպիսի հայեցակարգային խնդիրներ լուծելու ո՛չ ժամանակ, ո՛չ հնարավորություն», - նշել է Փաշինյանը՝ հավելելով՝ «այսօր մենք ունենք այդ ժամանակը և հնարավորությունը»

«2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը կանգուն մնաց հենց մտածողության նոր ձևերի ուրվագծման շնորհիվ, որոնք մեզ հնարավորություն տվեցին նորովի ընկալել իրականությունը և իրականության վրա ազդելու մեր հնարավորությունները:

Մտածողության այդ նոր ձևերն ու դիտանկյուններն ակնհայտ են դարձնում, որ անընդհատ փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվելու ու զարգանալու, մարտահրավերներին և նպատակներին հարմարեցված որոշումներ կայացնելու կարողությունն է պետության հարատևության ապահովման բանաձևը, կենսունակ լինելու գրավականը», - նշված է ուղերձում:

«Հայաստանի Հանրապետությունը կա և լինելու է անկախ, ունենալու է միջազգայնորեն ճանաչված սահմաններ»

Հայաստանի Հանրապետությունը կա և լինելու է անկախ, ունենալու է միջազգայնորեն ճանաչված սահմաններ, որոնք երաշխիքն են լինելու Հայաստանի երրորդ հանրապետության ինքնիշխան, ժողովրդավար եւ խաղաղ ապագայի, հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր շնորհավորական ուղերձում:

«Անկախ և ինքնիշխան պետություն ունենալու անկոտրում գիտակցությունն առայսօր կարեւորագույն շարժիչ ուժն է՝ հաղթահարելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, կերտելու եւ պահպանելու հզոր, ինքնիշխան եւ ժողովրդավար պետություն, որի հիմքում քաղաքացու ընտրական իրավունքն ու իրավահավասարությունն են», - նշել է Սիմոնյանը՝ հավելելով՝ «2024 թվականին, մենք կրկին պետականություն ենք կերտում»:

«Հրամայական է, որ միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր կյանքը փոթորկող մարտահրավերների»

Հրամայական է, որ միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր ազգային կյանքը փոթորկող ներքին և արտաքին մարտահրավերների, հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ Հանրապետության տոնի առիթով հղած շնորհավորական ուղերձում:

«Այս օրերին, երբ անվտանգային լրջագույն սպառնալիքների և գոյաբանական հիմնախնդիրների առջև ենք, հրամայական է, որ միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր ազգային կյանքը փոթորկող ներքին և արտաքին մարտահրավերների», - ընդգծել է նա։

Կաթողիկոսը մաղթել է, որ հանուն «խաղաղության հաստատման և արժանապատիվ գոյընթացի, նպատակասլաց հանձնառությամբ և առ հայրենին սիրով ձեռնամուխ լինենք մեզ պատուհասած աղետների ու փորձությունների հաղթահարմանը և հզոր ու անվտանգ մեր պետության կերտմանը»։

«Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը, որպեսզի միասնականության հուսառատ ու զորեղ ոգով հաստատենք մեր կյանքում ապահովություն և խաղաղություն», - ընդգծել է Գարեգին Բ-ն։

«Մենք անցնում ենք դժվար ժամանակներով ու մարտահրավերների միջով»

Հանրապետության օրվա կապակցությամբ X-ի իր էջում գրառում է կատարել արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով՝ «մենք անցնում ենք դժվար ժամանակներով ու մարտահրավերների միջով»:

«Այսօր մենք նշում ենք Հանրապետության տոնը, որը խորհրդանշում է պետականության վերականգնումը և անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելու կոլեկտիվ քաղաքական կամքը:

Քանզի մենք անցնում ենք դժվար ժամանակներով ու մարտահրավերների միջով, դրանք կրկին այն արժեքներն են, որոնք պետք է մեզ առաջնորդեն ամուր ու ժողովրդավար Հայաստանի Հանրապետության զարգացման ճանապարհին՝ ներառյալ հուսալի միջազգային գործընկերությունների միջոցով», - գրել է Միրզոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG