Մատչելիության հղումներ

Տավուշի թեմում չեմ այլևս. Բագրատ սրբազան


Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի սուրբ Աննա եկեղեցու բակում, 27-ը մայիսի, 2024թ.
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի սուրբ Աննա եկեղեցու բակում, 27-ը մայիսի, 2024թ.

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը այսօր վաղ առավոտյան սկսեց իր աջակիցների հետ անհնազանդության գործողությունները՝ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Լրագրողների հետ զրույցում դիտարկմանը, որ եթե պահպանում է իր հոգևոր աստիճանը, չի՞ ստացվում, որ համատեղում է հոգևոր գործունեությունն ու քաղաքականությունը, նա այսպես արձագանքեց. - «Չէ, նախ քաղաքական չէ, ազգային ազատագրական է, երկրորդն էլ՝ համատեղելիության խնդիր կա, բնականաբար մենք էլ համաձայն ենք, որ այդպես է։ Համատեղելիության խնդիր կա։ <> Տավուշի թեմում չեմ այլևս այս պահին»։

Երեկվա հանրահավաքին հայտարարվեց, որ նա է շարժման վարչապետի թեկնածուն և դիմել է Վեհափառին սառեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Մայր Աթոռից այսօր հայտնեցին, որ Բագրատ սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական ծառայությունը։

Ճշտմանը՝ շարունակո՞ւմ է լինել Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս, Բագրատ Գալստանյանն ասաց՝ այո, կարգալույծ չի եղել։

Ընդդիմադիրները համարում են, որ իրենց ընտրած մեթոդները կարող են ի վերջո հանգեցնել վարչապետի հեռացմանը։

Շարժման առաջնորդը նշեց՝ դրա համար տարբեր միջոցներ ու հնարավորություններ կան, փորձելու են բոլոր ճանապարհները։ Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն սկսելու համար էլ, ասաց, դեռ ժամանակ կա. - «Քննարկելու ժամանակ կա, ծրագրելու, որոշակի իմաստով քայլեր ձեռնարկելու»։

«Համոզված եմ, որ դուք տեսնում եք, որ գլոբալ առումով քաղաքը հիմնականում պարալիզացված է եղել, անկախ նրանից, թե ինչքան ժամանակ են ճանապարհները բացել, ինչքան ժամանակ չեն փակել, ինչքան են բիրտ ուժ կիրառել։ Կարող է կան ավելի լավ մեթոդներ, որոնց մենք չենք տիրապետում, բայց սա այս պահին այն գործիքակազմն է, որը մենք նպատակահարմար ենք գտնում», - ասաց շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը՝ հավելելով, որ հիմնական պարտադրող քայլը հանրության լայն պահանջն է։

Երեկոյան արդեն շարժման անդամները՝ սրբազանի առաջնորդությամբ, ավտոերթով շարժվեցին Սարդարապատի հուշահամալիր։ Բագրատ Գալստանյանն ասաց, որ պատրաստվում են գիշերն այնտեղ անցկացնել, իսկ վաղը հուշահամալիրի տարածքում տոնել Առաջին հանրապետության հռչակման օրը։

Արդյոք Բագրատ սրբազանն իր համակիրների հետ ծրագրե՞լ է վաղը խոչընդոտել վարչապետի մուտքը հուշահամալիրի տարածք, հարցին, ըստ էության, նա հստակ պատասխանեց չտվեց, միայն նշեց, որ իրենց նպատակն այնտեղ Առաջին հանրապետության օրը տոնելն է։

«Ես չգիտեմ էլ՝ ինքը գալու է, չի գալու, մենք գնում ենք Սարդարապատ՝ ավանդական նշելու մայիսի 28-ը», - նշեց նա։

XS
SM
MD
LG