Մատչելիության հղումներ

Ցուցարարները Երևանում փողոցներ են փակում. 284 մարդ բերման է ենթարկվել, 278-ը արդեն ազատ է արձակվել


Այսօր առավոտից վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու աջակիցները Երևանում բողոքի ակցիաներ են իրականացնում, փակում են մայրաքաղաքի կենտրոնական հատվածի ճանապարհները: Կան բերման ենթարկվածներ:

15:21

երեկոյան 5-ին Շահումյանի հրապարակից շարժվելու ենք դեպի Սարդարապատ։ գիշերը մնալու ենք, տոնելու ենք, հիշատակելու ենք, հետո վերադառնանք: Անհրաժեշտ է, որ հնարավորինս շատ մարդ լինենք, տոնելու ենք վաղը, և դա մեր իրավունքն է, - հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, հավելելով, - շարժվելու ենք մեքենաների շարասյունով, մանրամասներ չեմ ասելու, բայց շատ կարևոր է, որ գիշերը ու վաղն առավոտը լինենք Սարդարապատում»

15:05

Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ ժամը 14-ի դրությամբ բերման է ենթարկվել 284 անձ, բաց է թողնվել 278-ը:

14:07

Այսօր բերման ենթարկվածների թիվը հասել է 273-ի, հաղորդում է Ներքին գործերի նախարարության լրատվականը:

12:56

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպով Ներքին գործերի նախարարությունում ծառայողական քննություն է նշանակված:

ՆԳՆ լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ քննությունից հետո կկարողանան հստակեցնել, թե քանի՞ ծառայողի լիազորություն կկասեցվի։

Համացանցում տարածված կադրերից երևում է, որ Դաշնակցության գերագույն մարմնի գրասենյակի մոտից մի խումբ ոստիկաններ պատգամավորին քաշքշում, ապա գցում են գետնին ու սկսում հարվածել, լսվում են սեռական բնույթի հայհոյանքներ:

10:58

ՆԳՆ խոսնակի՝ փոխանցմամբ այս պահին կա 226 բերման ենթարկված: Նարեկ Սարգսյանն «Ազատությանը» հայտնեց, որ այս պահին փակ փողոց Երևանում չկա:

10:55

«Մահերից թող չխոսեն նրանք, որոնց օրոք մեր տղաների աճյունները տոպրակներով դիահերձարանի հատակին էին, մարդիկ, որոնց պատճառով 15 զինվոր վառվեց, իսկ նրանք մի քանի օր հետո Իջևանում պարեկային ծառայության ներդրումից հետո ճոխ խնջույք էին անում», - արձագանքելով իշխանության քննադատությանը, թե երեկվա մահերի ֆոնին երգում, պարում էին կառավարական ամառանոցի տարածքում՝ հայտարարեց Բագրատ սրբազանը՝ պնդելով, թե այդ պահին հաստատված մահերի մասին տեղեկություն չեն ունեցել։

10:03

«Լակոտի պես են իրենց պահում», - ոստիկանապետը՝ ակցիայի մասնակիցների մասին:

ՀՀ ոտիկանապետ Արամ Հովհաննիսյանը լրագրողների հետ կարճ ճեպազրույցում հայտարարեց՝ «տերտերին ասեք քաղաքացիներին հորդորի կարգը պահեն»:

09:52

Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն «Ազատությանը« փոխանցեց՝ այս պահին կա 137 բերման ենթարկված:

09:30

Վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու աջակիցները փակում են կենտրոնում մի քանի փողոց: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները մի խումբ քաղաքացիների հետ փակել էին Խանջյան փողոցը: Տեղում նաև ոստիկաններ կան, որոնք փորձում են բացել ճանապարհը:

Ակցիայի մասնակիցները մեքենաներով փակել են նաև Աբովյան փողոցը:

Նրանք փակել էին նաև Տերյան-Սայաթ-Նովա խաչմերուկը, ոստիկանների հորդորից հետո բացեցին ճանապարհը: Այս պահին Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով քայլում են Տերյան փողոցով:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է, երեկ հանրահավաքին հայտարարեց արևելագետ Գուրգեն Մելիքյանը։

Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սահմանադրությամբ չի կարող առաջադրվել՝ երկքաղաքացի է։ Կանադայի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում էլ նրա թեկնածությունը օրենքով չի կարող հաստատվել։ Ընդդիմության սցենարով դրան հնարավոր է հասնել հանրային ճնշմամբ։ Իշխանականները համոզված են՝ Փաշինյանի կառավարության դեմ հանրային ճնշում չկա, և որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն էլ մարել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG