Մատչելիության հղումներ

«Շատ հետաքրքիր առաջարկներ ունեմ Կովկասի անվտանգության հարցով»․ Լուկաշենկոն՝ Պուտինին


Լուկաշենկո-Պուտին հանդիպում Մինսկում, 23-ը մայիսի, 2024թ․
Լուկաշենկո-Պուտին հանդիպում Մինսկում, 23-ը մայիսի, 2024թ․

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ ուշ երեկոյան Մինսկի օդանավակայանում դիմավորելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտարարել է, որ «շատ հետաքրքիր առաջարկներ ունի մեր տարածաշրջանի և Կովկասի անվտանգության հարցով», որոնք լրջորեն քննարկվել են Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում։

Բելառուսական պաշտոնական լրատվամիջոցների կողմից հրապարակված այդ կարճատև տեսանյութում Լուկաշենկոն այլ մանրամասներ չի հայտնել։

Լուկաշենկոն Ադրբեջան էր այցելել մեկ շաբաթ առաջ։ Ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ Իլհամ Ալիևն այժմ ամբողջ Կովկասի առաջնորդն է։

«Դա արդեն ոչ միայն պատասխանատվություն է Ադրբեջանի համար, դուք արդեն ընդհանուր առմամբ պատասխան եք տալիս Կովկասի համար», - ասել էր Լուկաշենկոն։

Լուկաշենկոն Ալիևին նաև ասել էր՝ «հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, Ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եզրակացրեցինք, որ պատերազմում կարելի է հաղթել»:

Ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Բելառուսի նախագահն ասել է այն, ինչ ինքը փորձում է 4 տարի այլաբանորեն ասել Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստանի գործադիրի ղեկավարը շեշտեց՝ «ՀԱՊԿ -ի անդամ առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել են մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը»։

Ռուսաստանն իր հերթին կոչ է արել Փաշինյանին հստակեցնել, թե ՀԱՊԿ անդամ որ պետություններն են, ըստ նրա, 2020 թվականի պատերազմի ժամանակ աջակցել Ադրբեջանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG