Մատչելիության հղումներ

ՌԴ ԱԳՆ-ից արձագանքում են Փաշինյանին. Թող ասի՝ ՀԱՊԿ որ երկրները նկատի ուներ


ՌԴ ԱԳՆ շենքը, Մոսկվա
ՌԴ ԱԳՆ շենքը, Մոսկվա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հստակեցնել, թե ՀԱՊԿ անդամ որ պետություններն են, ըստ նրա, 2020 թվականի պատերազմի ժամանակ աջակցել Ադրբեջանին։

«Անկեղծ ասած՝ ես հետաքրքրված եմ, թե հատկապես որ երկրների մասին է խոսում Հայաստանի վարչապետը։ Ի՞նչ է, մենք ինքնե՞րս պետք է կռահենք, թե՞ մեզ հետո կպատմեն», - նշել է Զախարովան՝ հավելելով. - «Կարծում եմ, որ եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է, ապա տրամաբանական կլիներ, որ [այդ երկրները] բարձրաձայնվեին»։

Զախարովան այսօր մեկ անգամ ևս պնդել է, որ Ռուսաստանը արել է հնարավորը, որ «Հայաստանն իրեն լքված ու մոռացված չզգա»։

Երեկ խորհրդարանում Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ առնվազն երկու երկիր գիտի, որ մասնակցել են 2020 -ի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։

«Այդ պատերազմի նպատակը եղել է Հայաստանի անկախ պետության չգոյությունը», - հավելել էր նա։

Նիկոլ Փաշինյանն այսկերպ արձագանքել էր Բելառուսի նախագահի՝ Ադրբեջանում արած հայտարարություններին։ Ալեքսանդր Լուկաշենկոն, մասնավորապես, Իլհամ Ալիևին ասել էր. - «Հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, Ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եզրակացրեցինք, որ պատերազմում կարելի է հաղթել»:

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, և չբացառեց, որ Հայաստանը կարող է դուրս գալ դաշինքից։

Օրերս Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը շեշտել էր, որ Մոսկվան և Երևանը դաշնակիցներ են, և որ Հայաստանը չի հայտարարել ՀԱՊԿ-ը լքելու մասին։

Կազմակերպությանն անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը:

XS
SM
MD
LG