Ռուսաստանյան պետական ՏԱՍՍ գործակալության համաձայն, Կատարի միջնորդությամբ 6-17 տարեկան վեց տղաներ տեղափոխվել են Ուկրաինա։
Նրանք իրենց ընտանիքների հետ հանդիպել են Մոսկվայում` Կատարի դեսպանատանը։
Կիևը դեռ չի հաստատել այս տեղեկությունը։
Ընդհանուր առմամբ, ըստ ռուսական կողմի, Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 70 երեխայի։ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ ռուսական լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստան է տեղափոխվել ավելի քան 19 հազար երեխա։
Ուկրաինացի երեխաների ապօրինի տարհանման մեղադրանքով 2023 թվականի մարտին Միջազգային քրեական դատարանը ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային։