Բաքվի և Թբիլիսիի միջև զարգացող ռազմավարական փոխշահավետ գործընկերային հարաբերությունները կարևոր գործոն են Հարավային Կովկասում առաջընթացի համար, ըստ ադրբեջանական կողմի, Բաքվում հայտարարել են Ադրբեջանի և Վրաստանի փոխարտգործնախարարներ Սամիր Շարիֆովն ու Լաշա Դարսալիան։
Երեկ Բաքվում կայացել է Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը, քննարկվել են քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ տրանսպորտի, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները։
Կողմերն ընդգծել են, որ երկու երկրների համատեղ ջանքերով և մասնակցությամբ իրականացվող էներգետիկ և տրանսպորտային նախագծերը ծառայում են նաև տարածաշրջանի կայունության և անվտանգության հաստատմանը։
Ադրբեջանական կողմը նշում է, որ Շարֆովն ու Դարսալիան մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։
Նշվում է, որ ադրբեջանական կողմը նաև տեղեկություններ է տվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին։
Թբիլիսին բազմիցս հայտարարել է, որ չնայած տարածաշրջանի բարդ իրավիճակին, Վրաստանը պաշտպանում և իրականացնում է հավասարակշռված քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության ձեռքբերմանը։
Այս տարվա փետրվարին Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Իլյա Դարչիաշվիլին էր խորհրդարանի ամբիոնից հայտարարել, թե Վրաստանը բազմիցս նպաստել է Ադրբեջանի և Հայաստանի միջև արդյունավետ հաղորդակցությանը՝ գործարկելով «Խաղաղ հարևանություն» նախաձեռնությունը։
Բաքուն էլ իր հերթին նշում էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը Հարավային Կովկասում նոր քաղաքական իրավիճակ կստեղծի և փոխգործակցություն կհաստատի Բաքու-Թբիլիսի-Երևան ձևաչափով։