Մատչելիության հղումներ

Գյումրիի ամենաբանուկ փողոցներից մեկը նորոգելու համար ավագանին դիմել է Կառավարությանը


Գյումրիի Շիրակացի փողոցը, մայիս, 2024թ.
Գյումրիի Շիրակացի փողոցը, մայիս, 2024թ.

Գյումրիի ամենաբանուկ հատվածներից մեկի՝ Շիրակացի փողոցի մոտ 2.5 կիլոմետրը այնքան է քայքայվել, որ այլևս փոսային նորոգումներով հնարավոր չէ այն երթևեկելի պահել։ Իսկ տեղական բյուջեում, ըստ քաղաքային իշխանության, այդքան գումար չկա, որ նորոգեն։

Դեռ երկու տարի առաջ ավագանին 15 միլիոն դրամ հատկացրեց՝ նախագիծ ու նախահաշիվ կազմվեց, բայց դրանից այն կողմ գործն առաջ չգնաց։ Օրերս Գյումրիի ավագանին ուղերձով դիմեց Կառավարությանը՝ փողոցի նորոգման համար գումար տրամադրելու խնդրանքով։ Նախաձեռնությունն ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանինն ու ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանինն է։

Մալխասյանը հիմնավորեց, թե պահանջվող 1 մլրդ 146 մլն դրամը մոտ 6 միլիարդ կազմող տեղական բյուջեից հնարավոր չէ տրամադրել։ Ավագանու անդամը փաստում է՝ Շիրակացի փողոցը բացի համայնքային լինելուց նաև տարանցիկ ճանապարհ է դեպի Վրաստան։ Ուստի կարծում է՝ ճանապահի նորոգումը Կառավարությունը պետք է իր վրա վերցնի:

Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը զրուցում է «Ազատության» հետ, 20-ը մայիսի, 2024թ.
Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը զրուցում է «Ազատության» հետ, 20-ը մայիսի, 2024թ.

Ավագանու անդամը հույս ունի, որ եթե Շիրակացի փողոցը նորոգվի, ապա դա դուռ կբացի հարակից երկրորդական փողոցները պետական սուբվենցիոն ծրագրերով ասֆալտապատելու համար։

Ավագանին միաձայն կողմ է քվեարկել ուղերձի նախագծին։ Կառավարությունը, սակայն, դեռ չի արձագանքել։

Այլ մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG