Ինը օր է՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը սկսել է վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարը, բայց չի հայտարարում իրենց թեկնածուի անունը։ Խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ է հանդիպում, ո՞ւմ թեկնածությունն են առաջարկում։
«Էդ հարցերն ինձ մի տվեք, դա քաղաքական կուսակցություններին, գործիչներին, էդ դաշտին հարցրեք», - պատասխանեց Բագրատ Գալստանյանը:
Շարժման առաջնորդը չէր բացառել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի թեկնածությունը, որ աջակցում է շարժմանը։ Շրջանառվում է նաև ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանի անունը։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հերքեց նրա թեկնածությունը։
Բագրատ սրբազանի թեկնածության քննարկումներն էլ չեն դադարում, թեև սահմանադրական արգելք կա, որ նա առաջադրվի. երկքաղաքացի է՝ Հայաստանի ու Կանադայի և հրաժարվելու դեպքում անգամ չի կարող, քանի որ օրենքով պետք է վերջին 4 տարին միայն Հայաստանի քաղաքացի լինի: Ինքն էլ չի ժխտում իր հնարավոր առաջադրումը: Ինչպե՞ս են պատկերացնում, Սահմանադրությունը շրջանցելու տարբերակներ են քննարկո՞ւմ։
«Այդ հարցերն ուղղված են քաղաքական դաշտին, ուղղված են իրավաբաններին, սահմանադրագետներին», - պատասխանեց նա:
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդիպել է Բագրատ սրբազանի հետ երկու անգամ: Պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց՝ շարժման առաջնորդը վարչապետի թեկնածուի համար անհրաժեշտ սկզբունքներն ու չափանիշներն է ներկայացրել, բայց կոնկրետ թեկնածուների մասին չեն խոսել»։
«Պատիվ ունեմ» խմբակցությունը և Հանրապետական կուսակցությունը սրա հետ կապված նշել են, որ պատրաստ են ոչ միայն միանալու անվստահության գործընթացին խորհրդարանում, այլ պատրաստ են աջակցել այն թեկնածուին, ում կներկայացնի շարժումն ու շարժման առաջնորդը», - ընդգծեց Աբրահամյանը:
«Սա համարեք աղաղակ, ճիչ»
Բագրատ սրբազանն այսօր քաղաքական ու ոչ քաղաքական, մասնագիտական տարբեր շրջանակների հետ է հանդիպել, խոսել է առաջիկա անելիքների մասին, այն է՝ շարունակելու է հանդիպումները տարբեր մասնագիտական համայնքների, քաղաքական ուժերի, մշակութային գործիչների, պահեստազորայինների հետ: Դրանցից հետո, ասաց, մեծ հանրահավաք է լինելու, և այդ ժամանակ կոնկրետ ասելու է, թե ինչ է տեղի ունենալու:
«Սա համարեք աղաղակ, ճիչ: Եվ անընդհատ փորձում են քաղաքական գունավորում տալ, թող տան ինչքան ուզում են: Բայց մեզ համար, ինձ համար կոնկրետ ընկալումը այդպիսին է, և դրա լուծումը պետք է գտնվի, դրա լուծումը մեկն է», - հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդը:
Այսօր նա Երևանի պետական համալսարանի բակում հանդիպեց դասադուլ հայտարարած ուսանողներին, դասախոսություն կարդաց, իսկ ավելի ուշ փակ դահլիճում հանդիպեց բժիշկներին: Խոսեց համակարգի խնդիրների մասին, զարգացման հեռանկարների մասին, մեկ ժամից ավելի ելույթ ունեցավ, և միայն վերջում մի քանի տողով ասաց, թե ինչն է դրդել իրեն՝ հոգևորականին, թողնել եկեղեցին ու փողոց դուրս գալ. - «Մենք շատ վճռորոշ ժամանակների առջև ենք գտնվում: Սեղանին է դրված մեր հայրենիքի ներկան, ոչ թե ապագան: Մենք Տավուշից երբ սկսել ենք էս շարժումը և եկել հասել ենք Երևան, մեր ծրագիրը մեկն է եղել՝ դադարեցնել էս ապօրինի գործընթացը, որը խորքով հասկանում ենք, որ սարսափելի դերակատարություն է ունենալու մեր կյանքում՝ դառնալով մեր ստորացման վերջին աստիճանը: Չի՛ կարելի այդպես, հնարավոր չի, էս ամբողջ կորուստների աղետը ե՞րբ պիտի կտրվի մեր կյանքից, ե՞րբ պիտի մարդիկ հանգստանան»:
Բժիշկների հետ հանդիպումից հետո նա շարժվեց «Նեմեսիս»-ի արձանի մոտ, որտեղ էլ հանդիպեց իրան աջակցող դասախոսներին, և ինչպես վերջին օրերին՝ Սուրբ Աննա եկեղեցում ամփոփում է անելիքները և ներկայացնում վաղվա հանդիպումները:
Իր պայքարի ճանապարհային քարտեզը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը չի շտապում հանրայնացնել, խոստացավ ներկայացնել առաջիկայում սպասվող հանրահավաքում։ Հանրահավաքի օրն էլ դեռ չի հայտարարում։