Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 500 ուսուցիչ աշխատանքի է անցել հայաստանյան դպրոցներում, ընդ որում, նրանցից շատերն աշխատում են դեռ հոկտեմբերից։
Ստեփանակերտից տեղահանված Մադլենա Օհանջանյանն ու Տիգրան Ներսիսյանն աշխատանքի են անցել Մյասնիկյան գյուղի դպրոցում։
Ամուսիններն Արցախում տարբեր դպրոցներում էին աշխատում՝ Մադլենան՝ գյուղում, Տիգրանը՝ Ստեփանակերտում։ Հիմա երկուսն էլ նույն դպրոցում են։
Արցախից տեղահանվելուց ավելի քան 7 ամիս անց աշխատանքի ու նաև ընդմիջումների մասին հիմա խոսում են ժպտալով, իսկ գաղթի ու Արցախում թողած տան ու այգու մասին՝ հուզված։
Ամուսինների համար Արմավիրը հիմա երկրորդ տուն է դարձել, շեշտում են՝ Արցախին չի փոխարինի, նաև շտապում ավելացնել՝ նոր բնակավայրում ու աշխատավայրում իրենց ջերմ են ընդունել, իրենք էլ փորձում են հարմարվել։
Մադլենան և Տիգրանը որպես արցախցի ուսուցիչներ ստանում են աշխատավարձի 30 տոկոսի հավելավճար։ Կառավարությունը այս աշխատանքային պայմանն առաջարկել է այն ուսուցիչներին, որոնք աշխատանքի կանցնեն մարզերում։ Աշխատանքի անցած 500 ուսուցիչներից մոտ 350-ը մարզերում են։
Երևանում հավելավճարներ չկան։ Բայց, այստեղ աշխատանքի անցած ուսուցիչներն էլ ասում են՝ ընտանիքի մյուս անդամների զբաղվածության պատճառով մարզ գնալ չեն կարող։
Քրիստինե Դանիելյանը Երևանի դպրոցներից մեկում քիմիա և կենսաբանություն է դասավանդում։ Ամեն օր մոտ 15 կիլոմետր է կտրում աշխատանքի հասնելու համար, աշխատավարձը բարձր չէ, բայց չի էլ պատկերացնում, որ կարող է այլ աշխատանքի անցնել։
Պատմում է, որ Արցախում շրջափակման ամիսներին հետաքրքությունից դրդված հասցրել էր ուսումնասիրել Հայաստանում ներդրված նոր չափորոշիչները, Երևանում աշխատելիս արդեն խնդիրների գրեթե չի բախվել։