Մատչելիության հղումներ

Դատախազությունից չեն հստակեցնում՝ գործակալների մասին վարչապետի պնդումները դարձրե՞լ են քննության առարկա


Վարչապետ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ ասուլիսում պնդեց՝ օպերատիվ տվյալներով գիտի՝ Հայաստանում օտար երկրների շահերին ծառայող գործակալներ ու գործակալական ցանցեր կան։

Հարցին՝ «եթե ապացույց չկա, ի՞նչ գիտեք՝ գործակա՞լ է, թե՞ ոչ», Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. - «Օպերատիվ տվյալներով, որովհետև շատ կարևոր է օպերատիվ տվյալներ ունենալը, ավելին ասեմ՝ մենք գիտենք գործակալական ցանցերի մասին Հայաստանի Հանրապետությունում»։

Ուղիղ հղում

Հայաստանի ղեկավարի այս հայտարարությունից անցել է մեկ շաբաթ։ Ի՞նչ են արել իրավապահները։ Արդյո՞ք Գլխավոր դատախազությունը վարչապետին հայտնի դարձած օպերատիվ տվյալների հետքերով գնացել է։ Փաշինյանի պնդումների հետքերով վարույթ հարուցվե՞լ է։

Գլխավոր դատախազությունից մեկ շաբաթ անց պատասխանել են «Ազատության» հարցերին, բայց այդպես էլ չեն հստակեցրել՝ վարչապետի պնդումները դարձե՞լ են քննության առարկա, թե՞ ոչ։ Հղում են արել Քրեական դատավարության օրենսգրքին, թե որ դեպքում է քննիչը վարույթ հարուցում, որ դեպքում՝ ոչ։

Օրենքի կետերից մեկով քննիչի համար զանգվածային լրատվամիջոցներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկությունները կարող են վարույթ սկսելու հիմք դառնալ։ Թեև վարչապետի ասուլիսը գրեթե բոլոր լրատվամիջոցները լուսաբանել են, գործակալների մասին նրա հայտարարությունը՝ տարածել, բայց պարզ չէ՝ իրավապահները հետաքրքրվա՞ծ են դրանով, թե՞ ոչ։

«Դեպքեր կան, որ մենք գիտենք, որ մարդը գործակալ է, բայց կա նաև ապացուցման շեմ, խնդիր կա համոզմունքի շեմ, և կա ապացուցման շեմ», - ասուլիսի ժամանակ նշել էր Փաշինյանը:

Դատախազությունից ընդհանուր նշել են, որ սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից ստացված պատշաճ հաղորդումների հիման վրա նախաձեռնվել և քննվում են բազմաթիվ քրեական վարույթներ: Առնչվո՞ւմ են դրանք հայտնաբերված գործակալներին ու գործակալական ցանցերին՝ ուղիղ չեն պատասխանել։

Վարչապետի ասուլիսից օրեր առաջ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հինգերորդ շարասյան ու գործակալների գոյության մասին իշխանականների պնդումները որակել էր անհասցե հայտարարություններ. - «Անհասցե ընդհանուր քաղաքական հայտարարությունների վերաբերյալ մենք վարույթներ չենք նախաձեռնում, չէ, չենք տեսնում [իրավական բաներ]»:

Վարչապետն Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին էլ էր պնդումներ արել՝ հղում անելով 2018-ին նրա և Քննչական կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությանը, որտեղ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները խոսում էին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքից։

«Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել։ Ձայնագրության հրապարակման մի մասը օգտագործվել է որպես ահաբեկման գործիք։ Մենք հստակ տեղեկություն ունենք, որ ձայնագրությունը կատարվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից: Իսկ ձայնագրության մյուս մասը օգտագործվել ա այդ պաշտոնյային առնվազն որպես ազդեցության գործակալ օգտագործելու համար», - ասել էր Նիկոլ Փաշինյանը:

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին որպես ազդեցության գործակալ օգտագործելու պնդումը համապատասխանո՞ւմ է իրականությանը, պարզե՞լ են, «Ազատություն»-ը հարցրել էր Դատախազությանը։ Այս հարցով էլ Գլխավոր դատախազությունից հստակ չեն պատասխանել, ընդամենը նշել են, թե այդ գաղտնալսման գործի նախաքննությունը շարունակվում է։

Գործակալական ցանցերի մասին հստակ պատասխաններ Դատախազությունից չկան, փոխարենը վիճակագրություն են ներկայացրել պետական դավաճանության դեպքերով։ Այս տարվա դրությամբ, օրինակ, դատարաններում 15 քրեական գործ են քննում, մեկով մեղադրական դատավճիռ կա։

Հինգերորդ շարասյան, այլ երկրների գործակալների մասին որևէ հրապարակային հայտարարություն չի արել արդեն յոթ ամիս գործող Արտաքին հետախուզական ծառայությունը։


XS
SM
MD
LG